Վկայական ստանալու կարգը
Դիվանագիտական, հյուպատոսական, վարչական, միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի և պատվավոր հյուպատոսի վկայականների տրամադրման և վերադարձման կարգ
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություն) անձնակազմի անդամներին դիվանագիտական, հյուպատոսական, վարչական, միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի և պատվավոր հյուպատոսի վկայականներ տրամադրում է ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն:
Վկայական ստանալու (նաև վկայականի կորստյան կամ գործածության ժամկետի ավարտի դեպքում) համար դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է արտաքին գործերի նախարարություն` կցելով հետևյալ փաստաթղթերը`
- դիմումը 2 օրինակից,
- 3 լուսանկար (3x4սմ)
- անձնագրի գլխավոր էջերի պատճենները 2 օրինակից:
Արտաքին գործերի նախարարությունը հայտագիրը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան վկայականը: Վկայականը տրվում է նվազագույնը մեկ ամսով, իսկ առավելագույնը` երեք տարով` հաշվի առնելով ներկայացուցչության հայտագիրը, տվյալ անձի պաշտոնավարման և անձնագրի վավերականության ժամկետները:
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ընտանիքի անդամներին տրամադրվող վկայականների ժամկետը չպետք է գերազանցի աշխատակցի վկայականի ժամկետը:
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի պաշտոնավարման ավարտից հետո 30 օրվա ընթացքում արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում անձի մեկնելու մասին համապատասխան հայտագիր՝ լրացված ծանուցման թերթիկի և վկայականի հետ միասին: