Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր

Պատմական տվյալներ

Մինչխորհրդային ժամանակաշրջան

Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին (1920-1990)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ շրջան

 

Պատմական տվյալներ


Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետև ` արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):

Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Մինչխորհրդային ժամանակաշրջան


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:

Հիշարժան է միջազգային հանրության արձագանքը: Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները և այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո: Ի թիվս այլ վիճելի խնդիրների եղել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից:

 

Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին (1920-1990)


Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե - այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:

Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում:

ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ շրջան


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

 
Տպել էջը