Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար

ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ (ՎԵՐԱԴԱՐՁՈՂ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=2GDfqyvTHuY 

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելիս (ՀՀ վերադառնալիս)՝ քաղաքացիները կարող են օգտվել իրենց կողմից ՀՀ տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի արտոնություններից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման և պայմանների բավարարման դեպքում։

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատման արտոնություններ՝ ՀՀ մշտական բնակության ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս բնակված ՀՀ ֆիզիկական անձանց համար։

ՀՀ տարածք ժամանելիս (ՀՀ վերադառնալիս) քաղաքացիները կարող են օգտվել այդ արտոնություններից միայն մեկից։

1. Արտոնություն ՀՀ տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ ՀՀ տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար

ՀՀ մշտական բնակության ժամանող (այդ թվում՝ վերադարձող) քաղաքացիները մշտական բնակության ժամանող անձանց համար նախատեսված արտոնությունից օգտվելու համար պետք է՝

1․ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո դիմում ներկայացնեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։

ՀՀ մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է այն օտարերկրյա ֆիզիկական անձին, ով ունի ՀՀ քաղաքացիություն, կամ ՀՀ  հատուկ, կամ ՀՀ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ և այդ փաստաթուղթը ստանալու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմելու օրվան նախորդող 1825 օր (5 տարի) ժամանակահատվածում առնվազն 915 օր (2.5 տարի) բացակայել է ՀՀ-ից:

Վերը նշված պահանջներին բավարարելու դեպքում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, դիմումը ստանալուց հետո ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձին է տրամադրում՝ օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ նույն ժամկետում գրավոր մերժում է դրա տրամադրումը։

2․ ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձը՝ ՀՀ մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախատեսված արտոնությունից օգտվելու համար, մաքսային մարմիններին է ներկայացնում դիմում, որում նշում է տեղեկություններ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման օգտագործված ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ, կցելով հետևյալ փաստաթղթերը․

1) ՀՀ քաղաքացիություն, կամ ՀՀ հատուկ, կամ ՀՀ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքում՝ դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ՝ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց,

2) օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակը հաստատող ՀՀ կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը,

3) մինչև ՀՀ ժամանումն օտարերկրյա պետությունում ֆիզիկական անձի բնակության փաստը հավաստող փաստաթուղթը;

Ծանոթություն 

Բնակության փաստը հավաստող փաստաթղթեր են համարվում

- նախորդ բնակության երկրի քաղաքացու անձնագիրը

- նախորդ բնակության երկրի կացության քարտը կամ համապատասխան վիզան (ոչ տուրիստական), բնակվելու և աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթը,

- տվյալ պետության լիազոր մարմնի կողմից տրված՝ քաղաքացու բնակվելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը (օրինակ՝ տեղեկանք) և այլն:

Բնակության փաստը հավաստող փաստաթուղթ չի համարվում

- ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից տրամադրված՝ ՀՀ վերադարձի վկայականը։  

4) անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր (նավային, ցամաքային բեռնագրեր, ոչ առևտրային հաշիվ-ապրանքագիր կամ մասնացուցակ, տարանցման հայտարարագիր)։

5) օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների արտոնությունից օգտվել ցանկացող ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման դեպքում։

Վերը նշված փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում, մաքսային մարմնի պահանջով, դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները (նոտարական կարգով վավերացմամբ):

3․ Դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո մաքսային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները, և դրանք օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, անձի դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է անձին առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել իր անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը: Եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են և (կամ) չեն համապատասխանում սույն կետում նշված պահանջներին, մաքսային մարմինը սույն կետով սահմանված ժամկետում մերժում է դիմումը՝ նշելով մերժման պատճառը։

Մաքսային մարմիններին ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերից միայն մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի պակաս ներկայացված լինելու դեպքում մաքսային մարմինը չի մերժում դիմումի հետագա ընթացքի ապահովումը և ոչ ուշ քան 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ՀՀ ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով։ Մաքսային մարմինը ոստիկանություն ուղարկվող գրության հետ մեկտեղ ոստիկանություն է ուղարկում ՀՀ քաղաքացիություն, կամ ՀՀ  հատուկ, կամ ՀՀ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքում՝ դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ փաստաթղթի տրամադրման գրավոր մերժումը, տրամադրում է ՀՀ մաքսային մարմնին՝ մաքսային մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ քան 4 աշխատանքային օրվա ընթացքում:

Նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն կարող է իրականացվել ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում։

Սույն արտոնությունը կիրառելի է միայն անձնական օգտագործման գույքի (ապրանքների) նկատմամբ, դրանք են՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը՝ ոչ պակաս քան վեց ամիս հանդիսանա ՀՀ մշտական բնակության ժամանող (վերադարձող) ֆիզիկական անձի սեփականությունը և վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող (վերադարձող) ֆիզիկական անձի անունով՝ այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող (վերադարձող) անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ֆիզիկական անձի՝ մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրը։

Ծանոթություն 

Անձնական օգտագործման ապրանքներ (գույք) չեն կարող դիտարկվել այն ապրանքները, որոնք կապված են  ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ինչպես նաև ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածում նշված ապրանքները։

Արտոնությամբ կարող են ներմուծվել հետևյալ չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման օգտագործված ապրանքները․

  1. կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ.
  2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ.
  3. անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների.
  4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից 1 միավորից ոչ ավելի քանակությամբ:

 

2. Մաքսատուրքերից, հարկերից ազատման արտոնություն օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս բնակված ՀՀ ֆիզիկական անձանց համար

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ ներմուծել €5,000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքի, եթե նախքան ՀՀ ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում:

Դիտարկվող ժամանակահատված է համարվում անձի կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռի տեղափոխման փաստով պայմանավորված՝ ՀՀ ժամանման օրվան նախորդող 420 օր տևողությամբ ժամանակահատվածը:

Նշված արտոնությունից օգտվելու նպատակով անձը պարտավոր է ՀՀ ժամանելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ մշտական բնակության վայր ունեցող և մինչև ՀՀ ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված ՀՀ ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծվող՝ €5,000  եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքների համար նախատեսված արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:

Արտոնությամբ կարող են ներմուծվել հետևյալ չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման օգտագործված ապրանքները․

  1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ.
  2. անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ.
  3. այլ տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ:

 

Սույն տեղեկատվության մշակման իրավական հիմքերն են՝

- ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ մաս

- ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ-ի թիվ 107 որոշման 1-ին կետի «в» ենթակետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետ

- ԵԱՏՄ օրենսդրությանը չհակասող մասով՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերություն, 249.1 հոդված,

- ՀՀ կառավարության 02.07.2020թ.-ի թիվ 1131-Ն և թիվ 1133-Ն որոշումներ,

- «ՀՀ հարկային օրենսգիրք» 04.10.2016թ-ի ՀՕ-165-Ն ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 42-րդ կետ։

Նշված իրավական ակտերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` www.arlis.am ՀՀ իրավական տեղեկատվական համակարգում և http://www.eurasiancommission.org ԵԱՏ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

 

Ներկայացված նյութը տրամադրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից

06.08.2020թ., ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

 

 

 

Տպել էջը