Առաքելություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը:

Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և գործունեությունը դադարեցվում է օրենքով:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության,  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա:

ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018թ. մարտի 23-ի օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները.

  • միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն
  • Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում
  • համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացում
  • համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում
  • Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովում
  • պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում

Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում:

ՀՀ ԱԳՆ

Պաշտոնական անվանում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Պաշտոնական կայք.

www.mfa.am

Տպել էջը