Անվտանգություն և պաշտպանություն
Հայաստանը սովորական սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգում
ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են ԵԱՀԿ և ՄԱԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի, կոնվենցիաների, այլ համապատասխան փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացմամբ, որոնք ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` սովորական սպառազինությունների վերահսկում, զինաթափում, սպառազինությունների կրճատում, ինչպես նաև զինաթափմանն առնչվող այլ հարցեր` հակահետևակային ականների օգտագործում, կասետային զինատեսակներ, որոշ սովորական սպառազինությունների արգելում կամ սահմանափակում և այլն: Վերոնշյալ գործունեության հիմնական նպատակը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ու վստահության միջոցների ամրապնդումն է:
ԱԳ նախարարությունը նաև վերահսկում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի և գլխավոր ասամբլեայի, ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի և հակամարտությունների կանխարգելման կենտրոնի ընդունած համապատասխան որոշումների իրագործման գործընթացը: Բացի այդ, առկա է նաև համագործակցություն` միջազգային անվտանգության հարցերով զբաղվող տարբեր հեղինակավոր վերլուծական կենտրոնների և պարբերականների հետ:
Այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ Վարչապետի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ:
- Միավորված ազգերի կազմակերպություն
Առկա է Միավորված ազգերի կազմակերպությանը ռազմական ծախսերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, ազգային օրենսդրության, սպառազինությունների փոխանցման, փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների արտահանման, ներմուծման և այլնի վերաբերյալ կամավոր հիմունքով հաշվետվություններ և տեղեկատվություն ներկայացնելու պրակտիկա:
ՀՀ կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակն ու ծավալը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևերի քանակով և տվյալ ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններով:
Գոյություն ունի նաև պարբերաբար կատարման ենթակա հաշվետվությունների պահանջ, որի համաձայն` յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է ամենամյա հաշվետվություններ ներկայացնել զինաթափման գծով ՄԱԿ-ի հանձնաժողովին:
Օրինակ` 1992 թվականից գործում է սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի Ռեգիստրը, որի շրջանակներում ՄԱԿ-ի անդամ-պետությունները ամենամյա պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում սովորական սպառազինությունների յոթ կատեգորիաների` մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանի, մարտական ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ, ռազմանավեր և հրթիռներ արտահանման և ներմուծման վերաբերյալ: Այս ոլորտը ներառում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում առկա տարբեր համաձայնագրերով և կոնվենցիաներով կարգավորվող որոշ զենքերի տեսակներին և ռազմամթերքներին վերաբերող խնդիրներ: Այդպիսիններից են Օտտավայի Հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիան, ՄԱԿ-ի Որոշ սպառազինությունների մասին կոնվենցիան իր հինգ արձանագրություններով և Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:
Հայաստանը չի անդամակցում վերոհիշյալ կոնվենցիաներից ոչ մեկին: Այնուամենայնիվ, Հայաստանը` որպես դիտորդ երկիր, մասնակցում է դրանց շրջանակներում տեղի ունեցող խորհրդաժողովներին եւ հանդիպումներին: Միաժամանակ Հայաստանը` որպես թափանցիկության և վստահության միջոցների ամրապնդման դրսևորում, ամեն տարի կամավոր կերպով ինքնակամ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին տրամադրում է հակահետևակային ականների մասին տեղեկատվություն:
Մասնակցություն ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջազգային խաղաղապահ գործողություններին իր մասնակցությանը: Այս առումով, կարևորվում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության /DPKO/ հետ մշտական համագործակցությունը: 2011թ.-ից Հայաստանը մասնակցում է Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությանը /UNIFIL/` դիտորդի մակարդակով, իսկ 2014թ. նոյեմբերի 26-ին տեղակայման վայր գործուղվեց առաջին խաղաղապահ ստորաբաժանումը:
- Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն
Սպառազինությունների վերահսկման, զինաթափման և անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող ԵԱՀԿ հիմնական կառույցներն են Անվտանգության համագործակցության ֆորումը և Հակամարտությունների կանխարգելման կենտրոնը: Համատեղ խորհրդատվական խումբը նույնպես հանդիսանում է ԵԱՀԿ բաղադրիչ մի մասը, բայց գործում է միայն Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի անդամ հանդիսացող երկրների շրջանակներում:
Անվտանգության համագործակցության Ֆորումի գործունեության ոլորտը ներառում է 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, ԵԱՀԿ Անվտանգության ռազմաքաղաքական վարքագծի կանոնակարգը, Ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը, ինչպես նաև հակահետևակային ականներին, փոքր սպառազինություններին և թեթև զինատեսակներին առնչվող հարցեր:
Այդ ամենը ենթադրում է համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, իսկ Վիեննայի փաստաթղթի պարագայում, անդամ պետությունների կողմից իրենց պարտավորությունների կատարումը ստուգելու համար յուրաքանչյուր երկրի կողմից մյուս անդամ երկրների տեսչական խմբերի և գնահատման այցերի ընդունման պարտավորություն:
ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, ԵԱՀԿ ռազմաքաղաքական պարտավորությունների իրականացման գնահատման հանդիպումը, ինչպես նաև Փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների մասին փաստաթղթի վերանայման հանդիպումը ԵԱՀԿ ռազմաքաղաքական հարթության օրակարգի հիմնական հարցերից են: Դրանք ԵԱՀԿ անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը արտացոլող և գնահատող հիմնական գործիքներն են:
- Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիր
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ-պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը:
Ի տարբերություն ԵԱՀԿ սպառազինությունների վերահսկման այլ ռեժիմների՝ պայմանագիրը, լինելով իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:
- Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի խախտումը
Ադրբեջանական Հանրապետությունը բացահայտ կերպով և շարունակաբար ցուցադրել է իր քամահրական վերաբերմունքը ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման նկատմամբ: Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իրական սովորական սպառազինությունները տարիներ շարունակ գերազանցում են այդ երկրի հայտարարած պաշտոնական տվյալները:
2006 թվականից սկսած` Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններում:
2020թ. սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կասետային և այլ արգելված զինատեսակների լայն կիրառումը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից շարունակ ոտնձգությունները և միջազգային իրավունքի բացահայտ խախտումները բացարձակ անպատժելիության մթնոլորտում, վերհանեցին վերոհիշյալ թափանցիկության և վստահության միջոցների անարդյունավետությունը: