Հատուկ կացության կարգավիճակ
Ընդհանուր տեղեկատվություն
1994 թվականին ընդունված «Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, այնուհետև` «Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը թույլ տվեցին օտարերկրյա քաղաքացիներին ստանալ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ: Հատուկ կացության կարգավիճակը շնորհվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգադրությամբ ծագումով հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Այն տրվում է տասը տարի ժամկետով:
Նրանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և բնակվել այնտեղ առանց մուտքի վիզայի: Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, բացառությամբ ընտրական իրավունքի: Նրանց վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականությունը:
Հայոց Ցեղասպանությունը վերապրածներին Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը տրվում է անվճար` պարզեցված կարգով:
Ի՞նչպես դիմել
Հատուկ կացության կարգավիճակի համար դիմում ներկայացնելու նպատակով օտարերկրացին պետք է կապվի բնակության պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հետ: Եթե բնակության պետությունում չկա Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսություն դիմողը կարող է կապ հաստատել Հայաստանի Հանրապետության մոտակա ներկայացուցչությունների հետ (Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցուցակը տեսնելու համար սեղմել այստեղ): Հայաստանի տարածքում դիմումները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք հասցեով (հեռ. +37410-370264):
Հետևյալ փաստաթղթերն անձամբ կամ պատվիրված փոստով պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ.
- Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված դիմում-հարցաթերթիկ (սեղմել այստեղ)
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) ներկա և նախկին (եթե կա այդպիսին) քաղաքացիության մասին,
բ) հատուկ կացության կարգավիճակի համար դիմելու դրդապատճառները,
գ) մասնագիտության և աշխատանքի մասին,
դ) Հայաստան կատարած այցերի մասին,
ե) Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած կացության կարգավիճակների մասին (եթե այդպիսիք եղել են),
զ) դատվածության առկայության մասին, - ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,
- ծննդյան վկայականի կամ փոխարինող փաստաթղթի լուսապատճենը,
- բաց ֆոնով վեց հատ 35x45մմ չափսի գունավոր լուսանկար,
- հատուկ անձնագրի համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Վճարի չափը տարադրամով իմանալու համար կապվեք համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հետ:
Եթե Դուք կորցրել եք Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը կամ այն օգտագործման համար պիտանի չէ
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը կորցնելու կամ այն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցողը ստանում է Հայաստանի Հանրապետության նոր հատուկ անձնագիր: Այդ նպատակով հետևյալ փաստաթղթերն անձամբ կամ պատվիրված փոստով պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ.
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ` Հայաստանի Հանրապետության նոր հատուկ անձնագիր ստանալու խնդրանքով,
- ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,
- բաց ֆոնով երկու հատ 35x45մմ չափսի գունավոր լուսանկար,
- կորած հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
- Հայաստանի Հանրապետության նոր հատուկ անձնագրի համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Տարադրամով վճարի չափն իմանալու համար կապվեք համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հետ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության նոր հատուկ անձնագիրը տրվում է նույն վավերականությամբ, ինչ եղել է կորցված կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիրը:
Կարևոր նշումներ
- Սովորաբար Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումը քննարկվում է 3-4 ամսվա ընթացքում: Լրացուցիչ քննարկում պահանջող դեպքերում այդ ժամկետը կարող է ավելի երկար լինել:
- Որոշ դեպքերում դիմումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից: Մերժված անձինք կարող են նոր դիմում ներկայացնել առաջին դիմումը մերժվելուց մեկ տարի հետո:
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի համար սահմանված սակագինը 150000 ՀՀ դրամ է: Կորցրածի փոխարեն նորը ստանալու համար սահմանվել է պետական տուրք 75000 ՀՀ դրամի չափով:
- Ավստրալիայի և Օվկիանիայի բնակիչները կարող են դիմել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն:
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը թույլ չի տալիս դրա տերերին առանց մուտքի վիզայի մուտք գործել ԱՊՀ այլ պետությունների տարածք: Այդ նպատակով օգտագործվում է տվյալ անձի ազգային (քաղաքացիության պետության) անձնագիրը:
- ԱՄՆ, Ավստրալիայի եւ Օվկիանիայի, Կանադայի և Եվրոպայի բնակիչների համար: Փոստով դիմելու դեպքում Դուք վճարում եք նաև հետադարձ առաքման գումարը: Փաստաթղթերը փոստային ծառայության մեղքով կորելու դեպքում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները և հյուպատոսությունները պատասխանատվություն չեն կրում:
* Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել էլ-փոստով կամ զանգահարել (060) 620419 հեռախոսահամարով։