Նոտարական ծառայություններ

Նոտարական գործողություններ


Օտարերկրա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն իրավասու են նոտարական կարգով վավերացնել ՀՀ-ում օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը: Կարող են օրինականացնել նաև օտարերկրյա պետություններում օգտագործելու համար նախատեսված այն փաստաթղթերը, որոնք առնչվում են ՀՀ քաղաքացիների հետ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին պատկանող այն փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք վերաբերում են ՀՀ-ում նրանց գործունեությանն ու կեցությանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են հետեւյալ նոտարական գործողությունները.

  • վավերացնում են գործարքներ, պայմանագրեր, լիազորագրեր, համաձայնագրեր,
  • միջոցներ են ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության համար,
  • վավերացնում են փաստաթղթերի պատճենների (լուսապատճենների) և դրանց քաղվածքների ճշտությունը,
  • վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը,
  • վավերացնում են փաստաթղթի՝ մեկ լեզվից մեկ այլ լեզվի թարգմանության ճշտությունը,
  • հաստատում են քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու փաստը,
  • հաստատում են լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը,
  • հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը,
  • ի պահ են ընդունում փաստաթղթեր: 

 

Լիազորագիր

Լիազորված անձը իրավունք է ստանում կատարել լիազորագրում նշված գործողությունը լիազորողի անունից։ Հետևաբար շատ կարևոր է լիազորագրում նշել բոլոր այն գործողությունների մանրամասն և սպառիչ ցանկը, որոնք պետք է կատարի լիազորված անձը։ Օրինակ՝ ինչ գույք պետք է նա ձեռք բերի, ինչ գնով, որ վաճառողից և այլն։

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն համարվում է վավերական կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում:
Այն լիազորագիրը, որում նշված չէ նրա կնքման տարին ու ամսաթիվը, անվավեր է:

Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը նույնպես ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Սույն լիազորագիրը վավերացվում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում և չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ


Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • Լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ անձնագիր, ՀՀ նույնականացման քարտ, օտարերկրյա պետության անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ), այդ թվում՝ հաշվառման հասցե
  • Լիազորված անձի անձնագրային տվյալներ, այդ թվում՝ հաշվառման հասցե
  • Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի լուսապատճեն
  • Լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը
  • Անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր
  • Պետական տուրքի վճարման անդորրագիրը – 30.000 ՀՀ դրամ

Այլ լիազորագրերի վավերացման համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • Լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ անձնագիր, ՀՀ նույնականացման քարտ, օտարերկրյա պետության անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ), այդ թվում՝ հաշվառման հասցե
  • Լիազորված անձի անձնագրային տվյալներ, այդ թվում՝ հաշվառման հասցե
  • Լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը։ Ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման, տնօրինման կամ օգտագործման լիազորագրի դեպքում՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական լուսապատճեն
  • Անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր
  • Պետական տուրքի վճարման անդորագիրը – 15.000 ՀՀ դրամ

Ուշադրություն

ՀՀ-ում կատարվելիք գործարքների դեպքում խորհուրդ է տրվում համապատասխան նոտարից նախապես վերցնել լիազորագրի տեքստը, որը կպարունակի բոլոր այն գործողությունների մանրամասն և սպառիչ ցանկը, որոնք պետք է կատարի լիազորված անձը տվյալ գործարքի շրջանակներում։

 

Ծանոթություն

Նոտարական գործողությունների կատարման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Նոտարական գործողությունների կատարման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապվել Հայաստանի Հանրապետության մոտակա դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) հետ:

Տպել էջը