Անվճար հյուպատոսական ծառայություններ
ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունները հետևյալ դեպքերում մատուցվում են անվճար.
ՀՀ վերադարձի վկայականներ
ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրվում է`
- ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր նախկինում չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր:
- ՀՀ` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին:
- Օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին:
- ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած ՀՀ քաղաքացիներին:
- Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնող ՀՀ քաղաքացիներին:
- Բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
- Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին:
- ՀՀ դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա ՀՀ մեկնող (տեղափոխվող) ՀՀ քաղաքացիներին:
- Օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին:
- Հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված ՀՀ քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ:
- ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
Հիմքը՝ ՀՀ կառավարության 23 հոկտեմբերի 2013 թվականի № 1151-Ն որոշում
Հյուպատոսական հաշվառում
Հուպատոսական հաշվառման կանգնելը և հյուպատոսական հաշվառումից դուրս գալը կամավոր և անվճար գործընթաց է։
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս
ՀՀ մուտքի վիզայի ձևակերպում
ՀՀ մուտքի վիզա ձևակերպելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
- մինչև 18 տարեկան անձինք.
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).
- ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
- ՀՀ մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով ՀՀ ժամանող անձինք: ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում` ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
- ՀՀ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձինք, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
- ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանիհրավերով ՀՀ այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը․
- ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
- Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ ՀՀ և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր
ՀՀ քաղաքացիության ստացում
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ՀՀ-ում փախստականի և ՀՀ կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք։
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մաս
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում
Անվճար կատարվում է մահվան պետական գրանցումը, ներառյալ՝ վկայական տալը։
Պետական տուրքի վճարումից ազատվում են`
- քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար.
- ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
- անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մաս և 25-րդ հոդված
Լիազորագրերի վավերացում
Պետական տուրքի վճարումից ազատվում են ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար։
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված
Տեղեկանքների ձևակերպում
Անվճար են տրամադրվում մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում ձևակերպվող տեղեկանքները։
Օրինակ՝ տեղեկանք անձնագիրը փոխանակելու համար ՀՀ դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) դիմած լինելու մասին։
Հիմքը՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի 24 փետրվարի 2011թ. № 2/117-Ա հրաման