Աշխատանք ԱԳՆ-ում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում գործում է պետական ծառայության երկու տեսակ՝ դիվանագիտական և քաղաքացիական ծառայություններ:
Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ընդունվել կամ Հայաստանի դիվանագիտական դպրոց, կամ մասնակցել դիվանագիտական ծառայության արտաքին մրցույթներին:
Արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության պաշտոնները համալրելու համար նույնպես անցկացվում է մրցույթ:
Դիվանագիտական դպրոցում ընդունելության և դիվանագիտական կամ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման արտաքին մրցույթների անցկացման դեպքում համապատասխան հայտարարությունները տեղադրվում են նաև ՀՀ ԱԳՆ կայքէջի հայտարարություն էջում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը, կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին է:
Դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2009 թվականի uեպտեմբերի 23-ին` ՀՀ կառավարության N 1111-Ն որոշմամբ:
Դպրոցի լավագույն շրջանավարտները ընդունվում են աշխատանքի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
Մանրամասների համար այցելեք Հայաստանի դիվանագիտական դպրոցի կայքէջը:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների կադրերի համալրման անհրաժեշտության դեպքում` ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ:
Մրցույթն անցկացվում է համաձայն հետևյալ իրավական ակտերի`
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 2616-Ն հրամանով սահմանված կարգի:
Մրցույթին մասնակցելու հիմնական պահանջներն են.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
- հայերենի և առնվազն երկու օտար լեզվի տիրապետում
- բարձրագույն կրթություն
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջների բավարարում և պաշտոնի նշանակելու համար «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների բացառություն:
Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր /հարցազրույցի/:
Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ստանալու համար՝ գրավոր քննության արդյունքում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է կազմի ընդհանուր միավորների առնվազն 75 տոկոս պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 70 տոկոսից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) դիմում՝ անձնակազմի կառավարման վարչության կողմից սահմանված ձևով, և ինքնակենսագրություն.
2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի կամ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություների կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր ավարտական փաստաթուղթը` համապատասխան ներդիրով, և դրանց պատճենը.
4) տեղեկանք աշխատանքային գործունեության մասին (անհրաժեշտության դեպքում).
5) 3X4 չափսի 4 լուսանկար.
6) զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում) կամ օրենքով սահմանված կարգով ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու մասին փաստաթուղթ.
7) հայտարարություն այն մասին, որ անձը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված դիվանագիտական ծառայությանը խոչընդոտող հիվանդությամբ, դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատական կարգով չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չի դատապարտվել հանցագործություն կատարելու համար կամ հանցագործության կատարման դեպքում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է (Ձև 1).
8) համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում անձի վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին (Ձև 2):
9) Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Վերը նշված փաստաթղթերի ընդունումն իրականացվում է ՀՀ ԱԳՆ-ում:
Թափուր պաշտոնների համալարման նպատակով արտաքին մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` ՀՀ ԱԳՆ կայքէջում, կամ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներն իրականացվում են համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Մրցույթն անցկացվում է համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան:
Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Հայտարարության հետ հրապարակվում են նաև այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը: