Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն

  • Պետ` Կարինե Սուջայան

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Կարևորելով մարդու իրավունքների հարցերը՝ Հայաստանը դրանք դարձրել է իր բազմակողմ դիվանագիտության հիմնարար բաղադրիչը։ Նման մոտեցումը խարսխված է այն ըմբռնման վրա, որ մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը կարևոր գործոն է երկրի կայուն տնտեսության ձևավորման և սոցիալական զարգացման համար։ Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների հարգումը խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է։

Վարչության գործառույթների հակիրճ նկարագրությունը

ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունն ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության ձևավորումը և իրականացումը, ինչպես նաև գործնական համագործակցությունը մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների, այդ թվում՝ հումանիտար կազմակերպությունների հետ: Վարչությունը ապահովում է նաև մարդու իրավունքների ոլորտում երկկողմ համագործակցությունը:

Վարչությունը պատասխանատու է միջազգային հարթակներում ցեղասպանության կանխարգելման օրակարգի շրջանակներում ՀՀ առաջնահերթությունների ներկայացման համար:

Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունն ապահովում է ՀՀ հաշվետվողականությունը միջազգային մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության, տեսչական այցերի կազմակերպման և դրանց արդյունքում ներկայացված հանձնարարականների կատարման միջոցով:

Այն նաև իրականացնում է ընտրական գործընթացներում դիտորդական առաքելությունների մասնակցության կազմակերպումը, իսկ ՀՀ-ում անցկացվող ընտրությունների դեպքում՝ աշխատանքը միջազգային դիտորդական առաքելությունների հետ:

Վարչությունը կազմված է երեք բաժիններից.

Մարդու իրավունքների հարցերով միջազգային համագործակցության բաժինն ապահովում է մարդու իրավունքների բազմակողմ քաղաքականության ոլորտում ՀՀ առաջնահերթությունների և դիրքորոշումների մշակումը միջազգային կառույցներում և հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի հիմնական և օժանդակ մարմինների՝ Մարդու իրավունքների խորհրդի, Գլխավոր ասամբլեայի՝ մարդու իրավունքների և հումանիտար հարցերին առնչվող համապատասխան օրակարգերի, ինչպես նաև ԳԱ Երրորդ կոմիտեի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շրջանակներում:

Բաժինն ապահովում է նաև համագործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ինչպես նաև մի շարք այլ գործակալությունների և կառույցների հետ: Բաժինը պատասխանատու է ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի շրջանակներում ՀՀ քաղաքականության մշակման և իրականացման համար:

Մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժինն ապահովում է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի և ԵԽ-ի շրջանակներում գործող ավելի քան 15 մոնիթորինգային մարմինների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հաշվետվողականության և միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքի մշտադիտարկման համակարգումը: Բաժինն իրականացնում է ընտրական գործընթացներում դիտորդական առաքելություններին ՀՀ մասնակցության կազմակերպումը, ինչպես նաև ՀՀ-ում կազմակերպվող ընտրություններին՝ միջազգային դիտորդական առաքելությունների հետ աշխատանքը:

Բաժինը նաև համակարգում է ՀՀ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 18-ի 1031-Ա որոշմամբ ստեղծված՝ մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի, ինչպես նաև 2025 թվականի դեկտեմբերի 2-ից գործարկված՝ այդ մեխանիզմի «AI-NEMRA» թվային գործիքի հետ կապված աշխատանքները: Նախաձեռնությունն ուղղված է ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի բարելավմանը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալացմանը, ինչպես նաև մշտադիտարկման և միջգերատեսչական աշխատանքների համակարգման ազգային կարողությունների զարգացմանը:

Հումանիտար հարցերի բաժինը պատասխանատու է հումանիտար հարցերի ոլորտում գործող միջազգային կառույցների հետ համագործակցության ապահովման համար, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) հետ: Բաժինը պատասխանատու է նաև ՄԱԿ-ի ԱԽ 1325՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի իրականացման շրջանակներում Ազգային գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգման համար:

Բաժինը աշխատանքներ է իրականացնում հետկոնֆլիկտային շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:


Տպել էջը