Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

10 ապրիլի, 2026

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի՛ ընկերներ, սիրելի՛ Մարգուս, հարգելի՛ գործընկերներ, 

Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան։ Անձամբ ինձ ու իմ թիմի համար մեծագույն հաճույք և պատիվ է Ձեզ հյուրընկալելը` երկու կարևոր և ուրախալի առիթներով։ Առաջինը Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի դեսպանության բացումն է, որը, ինչպես նշեցի երեկ, մեր երկու հանրապետությունների միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նշանակալից իրադարձություն և հիմնաքար է։

Երկրորդ առիթը մեր երկու նախարարությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացումն է:

Այս երկու իրադարձություններն արտացոլում են և՛ Հայաստանի, և՛ Էստոնիայի հավատարմությունը մեր հարաբերությունների խորացմանը։ Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում Էստոնիայի աջակցությունը: Կարևորում ենք Հայաստանի համագործակցությունը Նորդիկ-բալթյան երկրների հետ, և քանի որ այս ժամանակահատվածում դուք եք ստանձնել նախագահությունը, խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ, ինչպես արդեն ասացի, կարևորում ենք այս ձևաչափը։ Մենք էապես ձգտում ենք սովորել կայացած ժողովրդավարություններից և, կրկին, այս առումով էլ ենք առավելագույն աջակցություն ստանում։ 

Տնտեսական հարաբերությունների առումով ևս մեծ պոտենցիալ ունենք իրացնելու։ Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ վիճակագրությունն աճում է, ինչը, ըստ երևույթին, «Էնթեփրայզ Արմենիա»-ի և Էստոնիայի համապատասխան գործակալության միջև համագործակցության արդյունքն է։

Ոլորտները, որոնք կարող ենք մատնանշել հետագա համագործակցության համար, հետևյալներն են՝ կիբերանվտանգություն, սահմանների համալիր կառավարում և թվայնացում: Քիչ առաջ էինք մասնակցում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, և նա նույնպես, ինչպես տեսնում եք, մեծ կարևորություն է տալիս Էստոնիայի փորձի ուսումնասիրմանը։

Այսպիսով, կան համագորածակցության բազմաթիվ ոլորտներ և փոխադարձ հանձնառություն, ուստի մեծ անհամբերությամբ ենք սպասում մեր համագործակցության խորացմանը։

Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման ադյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ 

Տպել էջը