ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

10 ապրիլի, 2026

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, 

Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է երեկ և այսօր հյուրընկալելու Էստոնիայի արտաքին գործերի նախարար, իմ լավ գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային և իր գլխավորած պատվիրակությանը։ Պարո՛ն նախարար, շնորհակալություն այցի համար։ 

Իմ և նախարարի միջև շփումները պարբերական բնույթ են կրում։ Մենք նախորդ անգամ այս տարվա սկզբին ենք առիթ ունեցել հանդիպելու և մտքեր փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Միաժամանակ ուրախությամբ նշում եմ, որ սա իմ գործընկերոջ երկրորդ այցն է Հայաստան և այս անգամ մի առիթով, որի մասին խոսվել էր առաջին այցի ժամանակ: Ես մեծ հաճույք և պատիվ ունեցա մասնակցելու Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը: Ես վստահ եմ, որ սա խորհրդանշական իրադարձություն էր։ Այն արտացոլում էր մի կողմից՝ Էստոնիայի և մյուս կողմից՝ Հայաստանի պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու հարաբերությունները երկու երկրների միջև: Ես կրկին շնորհակալ եմ այս որոշման համար։ 

Հարգելի՛ ներկաներ, 

Իրականում, մեր երկու երկրների հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրա` ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, և ես պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք այս արժեքների վրա հիմնված ամուր հարաբերություններ կառուցել, և այժմ իսկապես ժամանակն է ավելի ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները, ինչը և մեծ հաշվով, մենք սկսեցինք անել նաև քիչ առաջ ստորագրված փաստաթղթով` փոխըմբռնման հուշագրով։ Սա ևս արտացոլում էր մեր երկու գերատեսչությունների առնվազն պատրաստակամությունը։ 

Իհարկե, մենք մեր շփումների ընթացքում այսօր և երեկ անդրադարձ ենք կատարել նաև մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչին։ Գոհունակությամբ նկատել ենք, որ այդ տնտեսական հարաբերություններն արտացոլող թվային ցուցանիշներն աճում են, բայց նաև վստահաբար կարող ենք ասել, որ սա ամբողջ ներուժը չէ, և մենք ջանքեր կգործադրենք այս ներուժն առավել մեծ ծավալով իրացնելու ուղղությամբ։ 

Մենք մատնանշել ենք ոլորտները, որտեղ մենք արդեն իսկ ունենք ձևավորվող համագործակցություն և դեռ տեսնում ենք խորացման տեղ և, կրկին, ներուժ։ Դրանք են, անշուշտ, և գաղտնիք չէ՝ թվայնացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարությունը, կիբերանվտանգությունը: Սրանք ոլորտներ են, որտեղ մենք Էստոնիայից և՛ սովորելու բան ունենք, և՛, հուսամ, նաև մեր ներդրումը կարող ենք բերել ընդհանուր փորձի հարստացման ուղղությամբ։ 

Ես երախտագիտությունս եմ հայտնել գործընկերոջս` Էստոնիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։ 

Իհարկե, մենք խոսել ենք նաև բազմակողմ ձևաչափերում արձանագրված դրական համագործակցության մասին, կարևորել ենք դրա շարունակականության ապահովումը։ Մասնավորապես, կցանկանայի նաև ընդգծել Հայաստան Նորդիկ-բալթյան ութ երկրների ձևաչափով տեղի ունեցող պարբերաբար շփումները, և հուսով ենք նաև, որ Էստոնիայի առաջնորդությամբ կկարողանանք այս օրակարգը և այս ձևաչափով շփումները ևս առաջ մղել։ 

Մեր ընդհանուր համագործակցության համատեքստում, իհարկե, առանձին տեղ և կարևորություն ունի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հարթությունը, և այստեղ ևս պետք է նկատել, որ Էստոնիան և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն է ցուցաբերել, և մենք ունենք շատ հուսալի և վստահելի գործընկեր Եվրոպական միությունում` ի դեմս Էստոնիայի։ Պարո՛ն նախարար, կրկին մեր երախտիքը։ Գիտեք, որ մեր նվիրումն այն արժեքներին, որը որ դրված է այս համագործակցության հիմքում, անխախտ է, և Դուք էլ վստահաբար կարող եք նույն ծավալով, նույն չափով հենվել մեզ վրա։ 

Հարգելի՛ գործընկերներ, 

Իհարկե, քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր։ Մենք կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ։ 

Իհարկե, ես նաև գործընկերոջս եմ ներկայացրել վերջին իրադարձությունների մանրամասները, նկատի ունեմ Հայաստան-Ադրբեջան կարգավորում, Հայաստան-Թուրքիա կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, ԹՐԻՓՓ նախագիծ, դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները։ 

Եզրափակեմ խոսքս սիրելի՛ գործընկերներ, 

Սիրելի՛ բարեկամ, հարգել՛ի՛ Մարգուս, բովանդակային հագեցած քննարկումներից զատ, ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ՝ անկեղծ երկխոսության, մեր մարտահրավերներն ամբողջապես խորապես ըմբռնելու, մեր արժեքները կիսելու և ընկերության համար։ 

Հուսամ՝ շատ ժամանակ չի անցնի, մինչ մեր մյուս հանդիպումը։ Պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալել նաև «Երևանյան երկխոսության» շրջանակներում։

Հարցուպատասխան 

Արփինե Թամրազյան (Հայկական 2-րդ հեռուստաալիք). «[Հարցն՝ Էստոնիայի նախարարին] Պարո՛ն նախարար, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, հատկապես, երբ կան հումանիտար հարցեր, որոնք լուծված չեն։ Բաքվի բանտերում դեռևս հայեր են պահվում։ Հնարավո՞ր է հաստատել ամուր խաղաղություն, երբ այդ հարցերը լուծված չեն: [Հարցը՝ Հայաստանի նախարարին] Եվ պարո՛ն Միրզոյան, այս առումով ունե՞նք նորություն, հատկապես, երբ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակվել է, և մեր հայրենակիցների առնչությամբ կոշտ և շատ ծանր մեղադրանքներ են շրջանառվում»։ 

Արարատ Միրզոյան. Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես նույնն է։ Մենք կարծում ենք, որ հաստատված խաղաղությունը, իհարկե, հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Ակնհայտորեն խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, և, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի և հոգատարության կարիք ունի։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են, ընդհուպ՝ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների ու դեպի Հայաստան նախատեսված բեռների տարանցումը, կամ նույն երկկողմ առևտուրը, որն արդեն կա, և որը, կարծում ենք, որ կզարգանա: 

Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չէ, որ լուծված են, և Ձեր նշածը, իհարկե, այդ հարցերից թերևս ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո՛, ցավոք սրտի, դեռ Բաքվում կան գերիներ, կան պահվող անձինք, և կարծում ենք, մեր դիրքորոշումը նույնն է. օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն, և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով։ Անշուշտ, սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է։ Մենք շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ։ Այո՛, ինչպես նկատեցիք, Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակն այս առումով, այսինքն` համաձայնվում ենք, որ խնդիրը կա և շարունակում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Նորություն չկա, սա այն հարցն է, որ երբ որ նորություն է լինում, անմիջապես ամբողջ հասարակությունն իմանում է: Միակ նորությունը այստեղ կարող է լինել նոր խմբի ազատ արձակումը:  

Էմանուել Մարգարյան (Արմենպրես). Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագիծը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը, և որ Հայաստանը ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ աշխատում է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե որոնք են այն համաձայնեցված երրորդդ երկրները, որոնց հետ հայկական կողմը աշխատում է։ 

Արարատ Միրզոյան. Իսկապես, չնայած աշխարհում և մեր մեծ տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ, եթե մեղմ ձևակերպենք, գործընթացներին, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են։ 

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ներկայումս աշխատանքները գտնվում են փաստաթղթային փուլում, և ըստ էության մենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում։ Մենք շարունակաբար մտքեր և դիրքորոշումներ ենք փոխանակում առանձին հարցերի շուրջ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ։ Եվ հենց այստեղ է, որ մենք կունենանք նաև երրորդ գործընկերների կարիքը։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, և նախագիծը մեծ հաշվով ամբողջությամբ երկկողմ է՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքը ունենալու, և՛, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում։ 

Գաղտնիք չէ, որ թեև նախագիծը երկկողմ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա, էլ չասած մեր անմիջական հարևանների մասին: ԹՐԻՓՓ-ն այլ մոլորակի վրա չէ: ԹՐԻՓՓ-ի մի ծայրը պետք է սկիզբ առնի Ադրբեջանի Հանրապետությունից և ավարտվի Նախիջևանով, կրկին Ադրբեջանում, միաժամանակ դրա տրամաբանական շարունակությունը, և դրա մասին շատ ենք խոսել, Երասխով՝ Հայաստանի երկաթուղիների ցանցն է, ինչպես նաև Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցը և Թուրքիայի երկաթուղային ցանցը։

Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են: Մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում ունեցանք Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, ով Հայաստանում էր նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ։ Հետևաբար, քննարկումները կան, Մերձավոր Արևելքի երկրներն էլ հետաքրքրված են այս թեմաներով։ Առայժմ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, որի մասին կարող եմ կիսվել հանրության հետ։ 

Տպել էջը