Հաճախ տրվող հարցեր տեղեկատվության ազատության մասին
- Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը
- Ու՞մ կարելի է դիմել տեղեկություն ստանալու համար
- Ի՞նչ կարգով է իրականացվում տեղեկատվության տրամադրումը
- Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը
- Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները
- Որո՞նք են տեղեկատվության ազատության իրավունքի սկզբունքները
- Կա՞ արդյոք պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն
- Ո՞րն է սահմանափակ տեղեկությունը
- Կատարվո՞ւմ է արդյոք գանձում տեղեկատվության տրամադրման համար
- Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը
- Ո՞ր դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել
- Ինչպե՞ս կարելի է բողոքարկել տեղեկություն ստանալու մերժումը
- Ի՞նչ անել, եթե պատասխանը բավարար չէ
- Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար
1. Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը
ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»: Անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:
2. Ու՞մ կարելի է դիմել տեղեկություն ստանալու համար
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարդիկ կարող են տեղեկություն ստանալ պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից, հանրային նշանակության կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից:
Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, ով պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:
Հանրային նշանակության կազմակերպություններն են շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, առևտրի, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (օրինակ, մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները և այլն):
3. Ի՞նչ կարգով է իրականացվում տեղեկատվության տրամադրումը
Տեղեկությունները տրամադրվում են հարցման միջոցով՝ տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա: Տեղեկատվության ստանալու հարցում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։ Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝
- դա չի պարունակում դիմողի վերաբերյալ պահանջվող տվյալները.
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ այն դեպքի, երբ տրամադրվել է ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն։
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը։ Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
4. Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում. տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն, հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին` նշելով հետաձգման պատճառները: Հնարավոր է, որ հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաև տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը: Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
5. Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները
Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, դիսկետ, էլեկտրոնային նամակ և այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով: Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:
6. Որո՞նք են տեղեկատվության ազատության իրավունքի սկզբունքները
Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝
- տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը, ինչի կատարումը վերապահված է տեղեկատվություն տնօրինողին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
- տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը: Այս սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Ընդ որում, օտարերկրյա անձինք տեղեկատվության ազատության իրավունքից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում.
- տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը: Տեղեկատվություն տնօրինողն օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը հրապարակվում է վերջինիս պաշտոնական կայքում, իսկ նման հնարավրության բացակայության դեպքում՝ դրանք փակցնում է իր գտնվելու վայրում՝ բոլորի համար տեսանելի տեղում.
- հրապարակայնությունը։
7. Կա՞ արդյոք պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն
Բացի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելը, յուրաքանչյուր պետական մարմին պարտադիր` օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը: Յուրաքանչյուր պետական մարմին տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է.
ա) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները,
բ) բյուջեն,
գ) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
դ) հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
ե) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը,
զ) շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
է) հասարակական միջոցառումների ծրագրերը,
ը) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը,
թ) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
ժ) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը,
ժա) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
ժբ) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
ժգ) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Արտաքին գործերի նախարարության գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ վերոնշյալ ցանկի որոշ կետեր չեն հրապարակվում։
Այս տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Այս տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի ձևով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում՝ նաև դրանով: Հանրային նշանակության, ինչպես նաև բյուջեից հատկացում (ֆինանսավորում) ստացող կազմակերպությունները կարող են չհրապարակել վերը նշված տեղեկությունները և դրանց փոփոխությունները:
8. Ո՞րն է սահմանափակ տեղեկությունը
Սահմանափակ է համարվում այն տեղեկությունը, որը ստանալու համար կարող է դիմել միայն այն անձը (կամ սահմանված կարգով լիազորված անձը), որին վերաբերելի է տվյալ տեղեկությունը: Մյուս բոլոր դեպքերում տեղեկություները համարվում են հանրամատչելի և կարող են տրվել յուրաքանչյուր հայցողի՝ սահմանված կարգով դիմելու դեպքում:
9. Կատարվո՞ւմ է արդյոք գանձում տեղեկատվության տրամադրման համար
Տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
- բանավոր հարցումներին պատասխանելիս.
- մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
• տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
• տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս, որոնց հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը.
• տեղեկության տրամադրումը մերժելիս։
Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը:
Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
10. Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը
Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.
- պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
- խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
- պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
- բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
- խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները («ՏԱ» օրենք, 8-րդ հոդված):
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաև, եթե.
- հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
- տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաև այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:
Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի. հարցումը մերժելու իրավական հիմքերը, հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը), մերժումը բողոքարկելու ժամկետները և կարգը: Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է: Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր: Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով: Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ: Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:
11. Ո՞ր դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե.
- վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց
հետևանքներին, - ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
- չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
12. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել տեղեկություն ստանալու մերժումը
Օրենսդրությամբ սահմանվում է տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության երեք ձև` վերանայում վերադասության կարգով, բողոքարկում մարդու իրավունքների պաշտպանին, բողոքարկում դատական կարգով: Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Ի դեպ, այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու: Կարելի է նաև դիմել այն հասարակական կազմակերպություններին, որոնք տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն, մասնավորապես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական ծառայություն:
13. Ի՞նչ անել, եթե պատասխանը բավարար չէ
Եթե տեղեկություն ստանալու հարցմանը տրված պատասխանը բավարար չէ, դիմողը կարող է այն բողոքարկել 9-րդ կետում նշված կարգով:
14. Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար
Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաև «ՏԱ» օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են քրեական և վարչական պատասխանատվություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2003թ. դեկտեմբերի 1) 1 հոդվածի 1 մաս, «Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
ՀՀ Քրեական օրենսգրքի 148 հոդվածով` «Անձին տեղեկություն ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 400-ապատիկի չափով»:
Լրագրողի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար սահմանվում է հատուկ պատասխանատվություն. ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով` «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» պատասխանատվություն է սահմանվում նրա գործունեությանը խոչընդոտելու դեպքում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Եթե նույն արարքը կատարել է պաշտոնական անձն իր պաշտոնական դիրքն օգտագործելով` ենթակա է պատասխանատվության ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: