Հավատարմագրում
ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Սույնով սահմանվում է ԱԳՆ-ում՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների և օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա Հայաստանում գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան, ինչպես նաև Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողների կարճաժամկետ հավատարմագրման ընթացակարգը:
Տարեկան հավատարմագրում
Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» դրույթների՝ ՀՀ ԱԳՆ գործունեության լուսաբանման համար յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին իրականացվում է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, Հայաստանում օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան հավատարմագրում, որի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առնվազն մեկ ամիս առաջ:
Տարեկան հավատարմագրումն ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:
Ստորև ներկայացված հավատարմագրման հայտը պետք է լրացնել առցանց՝ դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.
- ինքնակենսագրություն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից մեկով՝ ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով.
- անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով).
- պաշտոնական լուսանկար՝ հավատարմաքարտի համար (3x4 չափսի ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով).
- պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և լրատվամիջոցի կնիքով (ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով), որը ներառում է՝
- լրատվամիջոցի համառոտ նկարագիրը (լրատվամիջոցի անվանումը, լսարանի մեծությունը, տեղակայման հասցեն, լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի կոնտակտային տվյալները).
Հայաստանի Հանրապետության ԶԼՄ ներկայացուցիչը տարեկան հավատարմագրման հայտը լրացնելուց անմիջապես հետո media@mfa.am էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը հավաստող փաստաթուղթ, որը ներառում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, տրման օրը:
Հավատարմագրման հայտը դիտարկվում է հայտը ստանալու պահից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո ԶԼՄ կոնտակտային տվյալներին ուղարկվում է որոշման մասին գրություն: Անհրաժեշտության դեպքում, հայտի դիտարկման ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողին կտեղեկացվի հավելյալ: Հայտի հաստատումից հետո ԶԼՄ ներկայացուցչին տրամադրվում է անվանական հավատարմաքարտ, որը հանդիսանալու է ԶԼՄ տվյալ ներկայացուցչի՝ ԱԳՆ մուտք գործելու պաշտոնական փաստաթուղթ:
ԱԳՆ կողմից կազմակերպված միջոցառումները լուսաբանելու հրավիրվելու են բացառապես ԱԳՆ տարեկան հավատարմագրման քարտ ունեցող ԶԼՄ ներկայացուցիչները:
Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, պետական մարմնի շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, պետական մարմինը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ՝ ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի։ Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է՝ առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին։
Հավատարմագրման մերժման և դադարեցման հիմքերը
ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հայտերը կարող են մերժվել հետևյալ հիմքերով՝
- դիմումը ներկայացնելու համար նախատեսված ժամկետները չպահպանելը,
- անձնական ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելը,
- դիմում ներկայացնելու համար պարտադիր փաստաթղթերի ոչ լիարժեք և/կամ ոչ ճշգրիտ ներկայացնելը և անգամ ԱԳՆ ներկայացուցչի կողմից դրանք լրացուցիչ հայցելուց հետո դրանց չշտկելը,
- անհրաժեշտության դեպքում ՀՀ մուտքի արտոնագիր դիմումի չներկայացնելը կամ դրա մերժելը:
Համաձայն ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի՝ ԱԳՆ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե՝
- Նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,
- Դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,
- Նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով,
- Հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը,
- Դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և/կամ դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը,
- Լրագրողը խախտել է ԱԳՆ կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները,
- Խախտել է ՀՀ տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները:
Լրատվամիջոցների ներկայացուցչի, բլոգերի, անկախ լրագրողի հավատարմագրումը կարող է մերժվել, եթե տվյալ անձի կողմից նախկինում խախտվել է ԱԳՆ հավատարմագրման կարգը:
Կարճաժամկետ հավատարմագրում
Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների՝ Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։
Կարճաժամկետ հավատարմագրում անցնելու համար լրագրողը, լրատվական գործունեություն ծավալելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ, առցանց հայտ է ներկայացնում նախարարության պաշտոնական կայքէջում, կցելով՝
- ինքնակենսագրություն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից մեկով՝ ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով.
- անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով).
- պաշտոնական լուսանկար՝ հավատարմաքարտի համար (3x4 չափսի ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով).
- պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և լրատվամիջոցի կնիքով (ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով), որը ներառում է՝
- լրատվամիջոցի համառոտ նկարագիրը (լրատվամիջոցի անվանումը, լսարանի մեծությունը, տեղակայման հասցեն, լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի կոնտակտային տվյալները).
- լրագրողի (լրագրողական խմբի պարագայում՝ խմբի բոլոր անդամների) անուն-ազգանունը.
- նկարահանումների ժամանակահատվածը:
Հավատարմագրման հայտը լրացնելուց անմիջապես հետո՝ այցի ծրագիրը, նկարահանումներ կատարելու դեպքում՝ նաև նկարահանումների վայրերը՝ ըստ նախատեսվող օրերի, պետական պաշտոնյաների հետ հարցազրույցների նախատեսումը, նկարահանման միջոցը (անօդաչու թռչող համակարգ՝ դրոն, տեսախցիկ և այլն) և ներմուծվող սարքավորումների տեխնիկական բնութագիրն անհրաժեշտ է ուղարկել media@mfa.am էլեկտրոնային հասցեին:
Լրագրողի կարճաժամկետ հավատարմագրումն իրականացվում է վերջինիս կողմից ներկայացված դիմում-հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 ամիսը, եթե նախարարության պաշտոնական կայքէջում այլ ժամկետ սահմանված չէ:
Հայտը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման որոշման մասին գրություն է ուղարկվում լրագրողի էլեկտրոնային հասցեին։ Ոչ լիարժեք կամ ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու դեպքում նախարարությունը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է դրա մասին՝ նամակ ուղարկելով լրագրողի էլեկտրոնային հասցեին: Նախարարության կողմից նամակն ուղարկելուց հետո մեկօրյա ժամկետում լրագրողը պարտավոր է նախարարություն ներկայացնել լիարժեք և ճշգրիտ տվյալներ: Անհրաժեշտության դեպքում հայտի դիտարկման ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողը լրացուցիչ տեղեկացվում է:
Լրագրողի՝ նախարարություն հասցեագրված գրավոր դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հավատարմագրման ժամկետը մինչև 3 ամիս ժամկետով, եթե լրագրողը չի ավարտել սույն դիմում-հայտում սահմանված ժամկետում լրագրողական գործունեությունը և ներկայացնում է տեղեկատվություն՝ դիմում-հայտում սահմանված ժամկետում կատարված աշխատանքի վերաբերյալ (իրականացված նկարահանումներ, կատարված հարցազրույցներ, հրապարակումներ):
Հավատարմագրման մերժման և դադարեցման հիմքերը
Նախարարություն ներկայացված հայտերը կարող են մերժվել հետևյալ հիմքերով՝
- հայտը ներկայացնելու համար նախատեսված ժամկետները չպահպանելը.
- անձնական ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելը.
- հայտ ներկայացնելու համար պարտադիր փաստաթղթերի ոչ լիարժեք կամ ոչ ճշգրիտ ներկայացնելը.
- Նախարարության կողմից լրացուցիչ հայցելուց հետո մեկօրյա ժամկետում դրանք չշտկելը.
- Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի դիմումը չներկայացնելը կամ դրա մերժելը.
- Եթե լրագրողը խախտել է նախարարության կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները.
- եթե լրագրողը խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները.
- եթե լրագրողի դիմում-հայտը նախկինում սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով մերժվել է կամ ՀՀ ԱԳ նախարարի 1943-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից մեկով դադարեցվել է:
Նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե՝
- նա մահացել, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
- նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
- նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
- հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
- դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, կամ դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը.
- նա խախտել է նախարարության կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները.
- նա խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները:
Նախարարությունը հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրատվական գործունեություն իրականացնողին:
Ի գիտություն ՀՀ պետական սահմանի սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դիմող օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ տեղեկացնում ենք, որ, բացի ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ձեռք բերելուց, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի № 735-Ն որոշման հավելվածի №1-ի համաձայն՝ անհրաժեշտ է նաև դիմել ՀՀ ԱԱԾ թույլտվություն ստանալու համար։ Սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներկայացված դիմումը քննարկվում, և դրան պատասխան է տրվում 30 օրվա ընթացքում։