Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը

09 ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է. «Պարո՛ն նախարար, իմ լավ ընկեր Մարգուս, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Երևանում այսքան կարևոր առիթով։

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ բարեկամներ,

Իրոք մեծ հաճույքով եմ միանում ձեզ` նշելու Հայաստան-Էստոնիա հարաբերություններում այս նշանակալի հանգրվանը՝ Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ այս որոշումը հեշտ չի եղել՝ ո՛չ կայացման, ո՛չ էլ Էստոնիայի կառավարության համապատասխան բոլոր գերատեսչությունների հետ և միջոցով դրա առաջմղման առումով։

Հավատացեք ինձ, ես շատ լավ գիտեմ, թե որքան բարդ է դա։ Մենք էլ ունենք մեր առանձնահատուկ հարաբերությունները Ֆինանսների նախարարության մեր գործընկերների և մյուս բոլոր գործընկերների հետ, որոնք, իհարկե, ողջունում են նման որոշումները։ Իսկ կատակը մի կողմ, սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։

Այն, իհարկե, արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ուժեղ աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։

Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Չի եղել որևէ հարց կամ խնդիր, որը բարձրացվել է հայկական պատվիրակության կամ Հայաստանի Հանրապետության կողմից և որը չի ստացել էստոնական պատվիրակության աջակցությունը։

Ուստի մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը, և թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, Ձեզ` հարգելի՛ նախարար,ինչպես նաև Ձեզ` տիկի՛ն դեսպան, Էստոնիայի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում։

Խնդրում եմ վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ձեզ սպասում է ընկերների թիմ։ Դուք միշտ կարող եք ըմբռնում և աջակցություն գտնել այդ շենքում, որը, ի դեպ, շատ մոտ է, և որի հասցեն դուք գիտեք։

Ուստի շնորհավորում եմ մեզ բոլորիս։

Ինչպես նշեցիք, սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մարգուս, մենք ունենք շատ հարուստ անցյալ, սակայն եկեք կենտրոնանանք ապագայի վրա, որը անկասկած, լինելու է էլ ավելի պայծառ և ավելի ամուր։

Շնորհավորում եմ»:

Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան նշել է. «Հարգելի՛ ընկերներ,

Արարա՛տ, իմ լավ բարեկամ, երբ վերջին անգամ այստեղ էի, խոստացա, որ հաջորդ այցիս ընթացքում կբացեմ Էստոնիայի դեսպանությունը։ Այսօր մենք հենց դա ենք անում` բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում: Կարող եմ ասել, որ այս տարի սա իսկապես պատմական իրադարձություն է. Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք հինգ նոր դեսպանություն։ Եվ այդ շարքում առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում։

Սա մեր առաջնահերթությունն է, քանի որ ես տեսնում եմ, որ Դուք առաջնորդում եք Հայաստանը դեպի խաղաղություն, դեպի եվրոպական արժեքներ, դեպի բարեկեցություն, և մենք ցանկանում ենք լինել ձեր ընկերները։ Մենք իրապես ուզում ենք աջակցել ձեզ, իսկ ամենաբարձր աջակցությունը, դիվանագիտական մակարդակով ամենաբարձր հանձնառությունը` հենց այստեղ դեսպանության միջոցով է։ Այն մշտական է։ Մենք ունենք մեր նոր դեսպանը, ով մեծ աշխատանք է կատարել և այսուհետ ևս, անգամ ավելի շատ է անելու։ Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, քանզի քաղաքականապես հեշտ է որոշում կայացնել դեսպանություն բացելու մասին, բայց իրական կյանքում դա ժամանակ է պահանջում՝ դիվանագիտական բանակցություններ, գործնական հարցերի լուծում և թիմի կառուցում։ Շատ եմ գնահատում այս ամենը։

Մենք այստեղ մենակ չենք. մեզ հետ են նաև Կանադան և Շվեդիան, ինչպես նաև մի քանի երկրներ Նորդիկ տարածաշրջանից։ Բայց նորդիկ ժողովուրդները հիմնականում ամենավստահելի ընկերներներն են, ուստի կարող եք հենվել մեզ վրա։ Այն, որ էստոնացիները Հայաստանի բարեկամներն են` շատ հետաքրքիր է։ Չգիտեմ՝ որտեղից է դա գալիս, երևի պատմության խորքերից, բայց մենք ձեզ շատ ենք սիրում՝ որպես հայ ժողովուրդ: Չնայած հեռու ենք միմյանցից, մենք ուզում ենք լինել ձեր կողքին այս դժվարին ժամանակներում։ Դուք պատմական որոշումներ եք կայացնում ոչ միայն ձեր ազգի, այլև տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի համար։ Ուրախ եմ, որ շուտով մեր վարչապետը ևս կայցելի Հայաստան, ինչպես նաև բազմաթիվ եվրոպական համայնքի առաջնորդներ, Եվրոպական միության ղեկավարներ։

Բայց այժմ շատ գործնական, երկկողմ նշանակության մի բան. այսօր մենք մեկնարկեցինք կիբերանվտանգության գործնական վարժանքներ՝ ավելի քան 10 տարբեր թիմերի մասնակցությամբ, որոնք իրական պայմաններում փորձարկում են, թե ինչպես դիմակայել տարբեր հարձակումների։ Բացի այդ, մեկնարկել է նաև բիզնես ծրագիր՝ հայկական ընկերությունների համար նոր շուկաներ գտնելու նպատակով։ Սա արդեն շատ գործնական մակարդակ է։ Կարող եմ վստահեցնել, որ մենք արդեն այստեղ ենք՝ ձեր կողքին, և դեռ ավելին է լինելու։ Բայց նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, իմ լավ ընկեր Արարատ, ինչպես նաև հայ ժողովրդին, ձեր համարձակության համար՝ որոշումներ կայացնելու և ձեր ոգուն հետևելու լինելու համար։ Այդ ոգին ազատությունն է։ Մենք գիտենք, որ այսօրվա աշխարհը շատ բարդ է, և, ցավոք, ազատությունը ինքն իրեն չի տրվում․ դրա համար պետք է պայքարել։ Սակայն պատմությունից գիտենք նաև, որ դա երբեք հնարավոր չէ միայնակ անել։

Միշտ անհրաժեշտ են ընկերներ, և կարող եմ վստահեցնել, որ էստոնացիները կմնան ձեր լավագույն ընկերները՝ առնվազն Եվրոպայում, գուցե նաև ամբողջ աշխարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, իմ լավ ընկեր, այս պատմական պահին այստեղ լինելու և դեսպանություն բացելու հնարավորության համար։ Մեր ժողովուրդների միջև բարեկամության արմատները ձգվում են տասնամյակներ, և վստահ եմ, որ դրանք ավելի են խորանալու ապագայում։ Մեր երկու ժողովուրդների բարեկամության արմատները գալիս են շատ հեռվից՝ չգիտեմ քանի տասնամյակ առաջ, բայց համոզված եմ, որ դրանք էլ ավելի են խորանալու ապագայում։ Մենք՝ էստոնացիներս, ապրում ենք այս տարածաշրջանում արդեն մոտ 10,000 տարի կամ նույնիսկ ավելի, և ունենք ծրագիր նաև առաջիկա 10,000 տարվա համար։ 

Այսպիսով, եկեք միանանք ապագայի այս ընդհանուր ծրագրին ու միասին տեր կանգնենք մեր ապագային, վայելենք ազատությունը: Եվս մեկ անգամ` շատ շնորհակալություն այս համագործակցության համար:

Շնորհակալություն»:

Տպել էջը