Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը

13 հունիսի, 2019

Հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը  և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի:

Նիստին նախարար Մնացականյանը հայտնեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալելու է երիտասարդության առաջխաղացմանը և նորարարությանը նվիրված միջոցառում:

Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն։

Նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Տպել էջը