Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

13 հունիսի, 2019

2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:

Այս համատեքստում ԵՄ-ն ողջունեց Հայաստանում  2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել են լայն հանրային վստահություն: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները զգալիորեն նպաստել են ընտրությունների անխափան կազմակերպմանը: ԵՄ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:

Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում 2019 թ. հունիսի 1-ին Հայաստանի կողմից ընդունված ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը ողջունվեց Խորհրդի կողմից՝ որպես երկրում առանցքային բարեփոխումների ամրապնդման կարևոր գործիք: Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով:

Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ի շարունակություն 2018 թվականի սեպտեմբերին դատական բարեփոխումների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության մեկնարկի՝ ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։

Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը: Խորհուրդը ողջունեց աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համախատասխան վերահսկողություն, ինչպես նաև հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների և աշխատանքային պայմանների նկատմամբ: ՀԸԳՀ ունի զգալի ներուժ Հայաստան-Եվրամիություն առևտրային հոսքերը մեծացնելու համար։ Աշխարհագրական նշումների պաշտպանության, այդ թվում՝ այս ուղղությամբ ԵՄ համապատասխան ֆինանսական և տեխնիկական աջակցության վերաբերյալ ՀԸԳՀ-ի դրույթների իրականացման մասին քննարկումների մեկնարկը դրական քայլ է։

Խորհուրդը քննարկեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային նախագծի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում: Խորհուրդը նաև ողջունեց 2019թ. մարտին մեկնարկած  կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:

Ի շարունակություն մայիսին կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների՝ Խորհուրդն ընդգծեց Արևելյան գործընկերության «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթով նախանշված նպատակներին հասնելու համար շարունակական աշխատանքի կարևորությունը, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Խորհուրդը կարևորեց Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ԱլԳ-ն 2020 թվականից անդին քննարկումը, որ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնած կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում:

Վերջում, Խորհուրդը քննարկեց տարածաշրջանային և միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: Սիրիայի հարցում Խորհուրդն իր ամուր աջակցությունը հայտնեց ՄԱԿ հատուկ բանագնացի գործունեությանը` Ժնևում ներսիրիական բանակցությունների վերսկսման կապակցությամբ: Հայաստանը հաստատեց իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաև սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով: ԵՄ-ն հաստատեց, որ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իրանի հարցում ԵՄ և Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական և արդյունավետ շարունակական իրագործմանը: Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:

Խորհուրդը նախագահում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

 

 

Տպել էջը