ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ

12 դեկտեմբերի, 2022

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ ձեզ Երևանում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումին, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, այլև, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով: 

Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն, ավելին, նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի:

Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման:

Հարկ է նշել, որ ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռությունը:

Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս: Դժվար է այսօր կանխատեսել ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը, սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում և խմբային, հավաքական իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը:

Ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգության, բառի ուղիղ իմաստով՝ անվտանգ ապրելու, և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, և ոչ ոք, ոչ մի ուժ չի կարող խլել նրանից այս հավաքական ու բնական իրավունքները:

Այս տեսակետից այսօր և այստեղ, այս ֆորումի աշխատանքները, ձեր բոլորի ներկայությունը, ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան խիստ կարևոր են:

Հարգելի՛ ներկաներ,

Վերջին երկու տասնամյակում միջազգային համայնքը՝ ի դեմս ՄԱԿ-ի, մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձավ 2004 թվականին այս հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը, որը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն և որի մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար: Երախտապարտ ենք տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին այս համաժողովին իր մասնակցությունը բերելու և շարունակական համագործակցության համար:

Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։ Ուրախ եմ նշել, որ այսօր մեզ հետ է Խորհրդի նախագահ, Ժնևում Արգենտինայի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆեդերիկո Վիլլեգասը։

Կարևոր եմ համարում նաև ՄԱԿ-ի այլ մարմինների աշխատանքը, այդ թվում՝ հատուկ ընթացակարգերի, անկախ քննչական մեխանիզմների և պայմանագրային մարմինների:

Ցանկանում եմ շեշտել այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Բանաձևն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում Ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման և համապատասխան նորմատիվ հիմքերի ձևավորման գործում։ Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերը, նպատակներն ու անելիքները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ռիսկերին և մարտահրավերներին: Նման մարտահրավերների թվին՝ 2022 թվականի մարտին ընդունված բանաձևը, դասեց նոր տեխնոլոգիաների կիրառումը և դրանից բխող վտանգները:

Կանխարգելման օրակարգում իր ուրույն տեղն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ հենց այս կառույցի կողմից ժամանակին և արդյունավետ միջոցների կիրառումը գործուն հնարավորություն կարող է ստեղծել ցեղասպանությունները կանխարգելելու համար:

Պետք է նշեմ նաև, որ շատ արդյունավետ համագործակցության ձևաչափ է Զանգվածային ոճրագործությունների հանցագործությունների դեմ համաշխարհային գործողություն (GAAMAC) դաշինքը, որին Հայաստանը միացել է որպես գործընկեր: Այս դաշինքը, որի ներկայիս նախագահը՝ տիկին Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդին, նույնպես այսօր մեզ հետ է՝ պետությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հաստատություններից կազմված մի հարթակ է, որի նպատակն է պայքարել զանգվածային ոճրագործությունների դեմ:

Իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր մշտական գործընկեր Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային՝ Գլոբալ ֆորումի աշխատանքներին ակտիվ մասնակցության և մշտական աջակցության համար:

Հարգելի՛ գործընկերներ, 

21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա։ Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար։ Այս ֆորումի աշխատանքների շրջանակներում հրավիրում եմ բոլորիդ քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները ի չարս օգտագործելու դեմ պայքարի, և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին։

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ մեզ բոլորիս հետաքրքիր և արդյունավետ մտքերի փոխանակում: Եվ թող մեր մոլորակի վրա այլևս երբեք չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ։ 

Տպել էջը