Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

10 հունիսի, 2022

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: 

Նիստի օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը,  ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: 

Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 30 տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունները պատմական որոշում կայացրին՝ միավորելու ջանքերը՝ ուղղված համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովմանը, ինչը, ի վերջո, հանգեցրեց երկու տասնամյակ առաջ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծմանը։ 

Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ ընդհանուր ջանքերով հաջողվել է հուսալի հիմք ապահովել` մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման և պաշտպանական արդյունավետ համակարգի ստեղծման ու հետագա զարգացման համար՝ միտված կազմակերպության անդամ երկրների՝ ակնկալիքների ու ձգտումների համապարփակ ապահովմանը:

Նշելով, որ ՀԱՊԿ-ն ավելի  ու ավելի կարևոր դերակատարություն է ձեռք բերում եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում՝ ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ակնհայտ է, որ ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի:

Նիստի ավարտին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

  • «ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության 2022-2024 թթ. խորհրդակցությունների պլանի մասին» որոշումը,
  • «Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը»:

Հավանության է արժանացել նաև «ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» արձանագրային որոշումը, համաձայն որի՝ նիստը կացնկացվի Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

Տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ֊ի հոբելյանական տարվան և կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը:

Տպել էջը