Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը

02 փետրվարի, 2022

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: 

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ ուրվագծելու մեր երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը»:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարուստ օրակարգին առնչվող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ այս համատեքստում  առանձնահատուկ նշելով հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև գործարար շրջանակների միջև շփումների հաստատումը։

Նախարար Միրզոյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի ներառումը Ավստրիական զարգացման համագործակցության 2021–2027թթ․ Շրջանակային ռազմավարական ծրագրում՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս հետագա առաջընթաց ապահովելու  լայն հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման ուղղությամբ։

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանն ուղղված գործընթացի շուրջ։ 

Նախարարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

Անդրադարձել է կատարվել նաև հումանիտար հարցերի, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տեղում միջազգային համապատասխան կազմակերպությունների անխոչընդոտ ներգրավման կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման նպատակով Ավստրիայի կառավարության կողմից ցուցաբերված  աջակցության առնչությամբ։

Նախարարները երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Այս առումով Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կարևորում է համանախագահների՝ տարածաշրջան այցերի վերսկսումը։ 

Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցեր։  

Հանդիպմանը հետևել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

Ավելի ուշ երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ Արարատ Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով։

Նույն օրն առավոտյան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունն  այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տպել էջը