ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը

02 փետրվարի, 2022

Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Բարև Ձեզ: Շնորհարվում եմ բոլորիս գրասենյակի բացման կապակցությամբ: 

Ուզում եմ նշել, որ ինձ համար հաճելի և պատվաբեր է ներկա գտնվել այս միջոցառմանը։ Անշուշտ, մենք այսօր ենք բացում այս գրասենյակը, բայց առաջին օրը չէ, նոր չէ, որ Ավստրիական զարգացման գործակալությունն իր գործունեությունն է իրականացնում Հայաստանում։

Այդ գործունեությունը սկսվել է դեռևս 2013 թվականին, և մեծ, շոշափելի ձեռքբերումներ ունի հատկապես կանաչ և ժամանակակից գյուղատնտեսության ասպարեզում: Այսօր հարգելի պարոն նախարար Շալենբերգը նաև ականատես է եղել այդ արդյունքներից մեկին: 

Բայց ուզում եմ նաև նշել, որ այսօր մենք մի նոր էջ ենք բացում այս հարաբերություններում, այս համագործակցության մեջ:  Կարծում եմ, որ և՛ հայկական կողմը, և՛, ուրախությամբ պիտի նշեմ՝ ավստրիական կողմը, պատրաստակամություն են հայտնում՝ այսուհետ որակապես նոր տեսակի  և նոր ծավալի ծրագրեր և հարաբերություններ կառուցելու: 

Ուրախությամբ պիտի նշեմ, որ Հայաստանը՝ որպես Արևելյան գործընկերության երկիր, ընդգրկված է նաև Ավստրիական զարգացման համագործակցության 2021-2027 թթ. ծրագրում: 

Նաև բավականին հատկանշական օրինակներ պիտի բերեմ. այսօր, երբ մենք նշում ենք մեր հարաբերությունների 30-ամյակը, ներկա ենք ահա այս գրասենյակի բացմանը: 

Նաև տեղեկացնեմ այն գործընկերներին, ովքեր դեռ չգիտեն այդ մասին՝ նախարար Շալենբերգի այցն ուղեկցվում է նաև բիզնես պատվիրակությամբ, և վաղը մենք ունենալու ենք հայ-ավստրիական բիզնես ֆորում: Ե՛վ գրասենյակի բացումը, և՛ բիզնես ֆորումը, և՛ մի շարք այլ միջոցառումներ, որոնք պլանավորված են, գալիս են ապացուցելու, և ես լիահույս եմ և վստահ եմ, որ այդպես էլ կլինի, որ մեր հարաբերություններում իսկապես այս այցը նոր էջ է և նոր խթան: 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս»:

Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը նաև ստորագրել են Համատեղ հռչակագիր ԵՄ արևելյան գործընկեր պետությունների հետ 2022֊2024թթ. Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին:

Տպել էջը