ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի Խորհրդարանում

04 հուլիսի, 2020

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ԱԺ նախագահ Թովմասյանին և պատգամավորներին մաղթեց ամենայն հաջողություն Արցախի ժողովրդի կողմից տրված մանդատի կյանքի կոչման, այդ թվում՝ Արցախի զարգացման և համապարփակ անվտանգության առաջմղման գործում: 

ԱԳ նախարարն ընդգծեց Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների նշանակությունը՝ որպես Արցախի ժողովրդի վճռականության և կամքի արտահայտություն՝ կառուցելու սեփական ապագան մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա: Նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա շատ էական գործոն է Արցախի ժողովրդի համար բոլոր առումներով, ներառյալ այն առումով, որ Արցախի ժողովուրդը ծանր փորձությունների միջոցով վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան»: 

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակի և վեջինիս ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Արթուր Թովմասյանին և ԱԺ պատգամավորներին ներկայացրեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած տեսաժողովի արդյունքները:

 

Տպել էջը