ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ

10 փետրվարի, 2020

Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին:

Հանդիպմանը Գլխավոր տնօրեն Յոնգը բարձր գնահատեց տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները և արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ընդգծելով կառույցի պատրաստակամությունը շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի կողմից առաջադրվող նախաձեռնություններին: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է կազմակերպության դերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև հաստատված բազմամյա համագործակցության, համատեղ ծրագրերի բաերհաջող իրականացման առնչությամբ՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց կառույցի հետ փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: 

ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ներդրումների և արտահանման խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կառավարման և ագրոմշակման ոլորտներում UNIDO-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար: 

Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ արտգործնախարարը Գլխավոր տնօրեն Յոնգի ուշադրությանը ներկայացրեց երկրում կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Կառավարության զարգացման օրակարգում նախարար Մնացականյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկուստեք կարևորվեց արդյունաբերության առանձին ոլորտներում նորարարության և բարձր տեխնոլոգիաների ներուժի և ընձեռած հնարավորությունների լիարժեք կիրառումը: 

 

Տպել էջը