Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

04 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Գրունվալդին՝ (Andre Johannes Groenwald) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Կիև):

Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։

Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին։

ԱԳ նախարարի տեղակալն ու դեսպանը կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը՝ կողմերի միջև տնտեսական հնարավորություններն ուսումնասիրելու և գնահատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, ադամանդագործության, գինեգործության, դեղագործության և այլ ոլորտներում հեռանկարային համագործակցության զարգացումն ընդգծելու նպատակով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Տպել էջը