ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ

19 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան մարդու իրավուքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջագերատեսչական խորհրդակցություններ:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը (Ринат Аляутдинов):

Քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում և հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները: 

Խորհրդակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Կողմերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրեցին ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համատեղ ծրագրերը:

Տպել էջը