Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

24 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ 

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Պանկինը։ 

Խորհրդակցությունների օրակարգի համաձայն՝ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին, ինտեգրացիոն հարթակներում, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

Ռուսաստանյան կողմը երախտագիտություն հայտնեց 2019 թվականին ԵԱՏՄ-ում ՀՀ արդյունավետ նախագահության, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Կողմերն արձանագրեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկեցին առաջիկա ծրագրերի ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ 

Տպել էջը