Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ջավադ Զարիֆին

27 սեպտեմբերի, 2019

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։

Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատեցին տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին և դրանցում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությանը: 

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:

Տպել էջը