Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարարին

25 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Մանեսկուի հետ։

Շնորհավորելով Ռամոնա Մանեսկուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը արժևորում է Ռումինիայի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացման միջոցով։ 

Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորեցին Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների  ամրապնդմանն ու աշխուժացմանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր գնահատեցին նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը՝ որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի ԱԳ նախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: 

Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը։ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։ 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

 

 

Տպել էջը