Հայաստանի և Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

24 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր  մալթացի գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: 

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առկա դինամիկ երկխոսության և դրա շրջանակներում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ: Այս առնչությամբ կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, խորհրդարանական ձևաչափով երկկողմ արդյունավետ շփումների խթանումը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացումը, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակման ծրագրերի նախաձեռնումը: 

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության հեռանկարային ուղղություններ հանդիսացող առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում գործընկերության զարգացման և ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով համատեղ ջանքերով այդ ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փոխգործակցության նոր հարթակների ստեղծումը: 

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին համաձայնագիրը: ԱԳ նախարարների բնորոշմամբ՝ համաձայնագրի ստորագրումն առաջնային քայլ է՝ երկու երկրների գործարար շրջանակներին առավել մերձեցնելու և նրանց համար համագործակցության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Տպել էջը