ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ

24 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր ֆինն գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարներն արտահայտեցին փոխադարձ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ: Ընդգծվեց թիրախային ուղղություններ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտների ներկայացուցիչների միջև կապերի խթանման կարևորությունը: 

Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ֆինն գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Զրուցակիցները կարևորեցին հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

 

Տպել էջը