Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ

24 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Երկուստեք դրական գնահատվեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական փոխայցելությունները և շփումները, որոնք նոր լիցք են հաղորդում արդյունավետ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորեցին համագործակցության իրավական հենք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հոկտեմբերին Մոնակոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի օրակարգի և հաջորդ տարի Կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումների շուրջ։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն իր նպաստը բերելու ՖՄԿ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց  Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:

Տպել էջը