Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

19 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական և հետևողական աջակցությունը։

Երկուստեք ընդգծվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարևորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։  

ԱԳ նախարար Մնացականյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան հանգամանալից անդրադարձ կատարեցին կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին։ Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը և վերջինիս արդյունավետ համակարգումը:

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ Արևելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև փոխգործակցության զարգացման և ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր փոխանակեցին նաև նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ:

 

 

Տպել էջը