Նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցեց բարձր մակարդակի համաժողովի

04 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 3-4-ը ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցեց Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ԵԱՀԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարներ Թոմաս Գրեմինգերը և Սերգեյ Լեբեդևը:

Նախարարի տեղակալ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին, ահաբեկիչների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառման վտանգներին:

ԱԳ նախարարի տեղակալը շեշտեց պետությունների առաջնային դերը երկակի նշանակություն ունեցող նորարարական վերջին նվաճումների տարածումը վերահսկելու, դրանց` ահաբեկիչների հնարավոր հասանելիությունը կանխելու գործում, ինչն առավել ռիսկային է այն երկրների պարագայում, որտեղ հանրությունը մոբիլիզացվում է ազգային, կրոնական խտրականության խրախուսման պետական քաղաքականությամբ:

Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց սահմանների արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը միտված վերջին նախաձեռնությունները` միաժամանակ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի համադրման կենսական անհրաժեշտությունը: Նա նաև նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը:

Տպել էջը