ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին

07 մարտի, 2019

Մարտի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպի հետ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրամիությունն անցած տարիների ընթացքում կուտակել են գործընկերության և համատեղ աշխատանքի մեծ փորձ, և ՀՀ վարչապետի՝ օրերս Բրյուսել կատարած այցը լավ առիթ էր բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա գործնական քայլերն ուրվագծելու համար։

Զրուցակիցներն անդրադարձան թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ կառավարության զարգացման օրակարգի հիմքում ընկած է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության զարգացման խթանումը։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, իր ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում՝ նախաձեռնելով երիտասարդությանը և նորարարությանը նվիրված միջոցառում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով, որ համաժողովը ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից է, որը վերջին տասնամյակում առաջին անգամ անց է կացվելու Եվրոպայում։

 

Տպել էջը