Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահի և հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահի հետ

07 Փետրվարի, 2019

Փետրվարի 7-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես երկու երկրների միջև փոխգործակցության առավել ամրապնդման հարթակի և վերահաստատեց հայկական կողմի՝ այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ կառավարության գերակա առաջնահերթություն է ազգային զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյունն է բարձր տեխնոլոգիաների և նորարար մոտեցումների վրա հիմնված տնտեսությունը: Այդ առումով նախարարը բարձր գնահատեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ ավելի վաղ տեղի ունեցած մտքերի փոխանակումը, ինչպես նաև տվյալ ոլորտում երկու երկրների մասնագետների միջև շփումների ակտիվացումը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը` նշելով, որ այն ոչ միայն հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հենքը, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար՝ խրախուսելու ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումները։

Նույն օրը տեղի ունեցավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահ Հաննես Հանսոյի հետ:

Զրուցակիցներն համակարծիք էին, որ դարերի պատմություն ունեցող և ընդհանուր արժեքների վրա հիմնած հայ-էստոնական գործընկերային հարաբերություններն ունեն առավել զարգացման և ընդլայնման ներուժ՝ հանձնառություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ստեղծագործ կրթության օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի՝ կարևորելով երկու երկրների առկա դրական փորձի և հիմքի վրա համագործակցություն ծավալելու հնարավորությունը։

Տպել էջը