ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Թունիսի նորանշանակ դեսպանին

29 հունվարի, 2019

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Թունիսի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ալի Շիհիին (Mohamed Ali Chihi)՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու կապակցությամբ (նստավայրը Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի հայ-թունիսյան հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին՝ դեսպան Շիհին նշեց, որ թունիսյան կողմից առկա է ջերմ վերաբերմունք դեպի Հայաստան և հայ ժողովուրդը։

Երկուստեք կարևորվեցին հայ-թունիսյան շփումները բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին Թունիսի նախագահի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։

Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել՝ խթանելու միջպետական իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային փոխանակումը։ Գրիգոր Հովհաննիսյանը և դեսպան Շիհին ընդգծեցին նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների կազմակերպման հրամայականը։

Պարոն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ թունիսյան կողմն ակտիվ մասնակցություն կունենա նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովին, որն այս անգամ անց է կացվելու Երևանում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը հայ-թունիսյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Տպել էջը