ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

22 հունվարի, 2019

Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Միհայիլ Բերեգոյի (Mihail Beregoi) գլխավորած պատվիրակությանը, որն այցելել էր Հայաստան՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի հրավերով: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանը և ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ միգրացիոն ոլորտում Մոլդովա-ԵՄ համագործակցության, այդ թվում՝ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում մոլդովական կողմի կուտակած փորձառությանը, գործընթացի տարբեր փուլերում առաջ եկած հնարավոր խնդիրներին և դրանց լուծման գործնական եղանակներին։

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մոլդովական կողմի փորձը Հայաստանին ներկայացնելու պատրաստակամության համար՝ կարևորելով ԵՄ հետ պատեհ ժամկետներում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկը, որն ամրագրված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ինչպես նաև Արևելյան գործընկերության Ռիգայի (2015թ.), Բրյուսելի (2017թ.) գագաթաժողովներում ընդունված Համատեղ հռչակագրերում, «Գործընկերության առաջնայնություններ» և Բրյուսելի գագաթաժողովի կողմից հավանության արժանացած «20 արդյունք մինչև 2020թ.» փաստաթղթերում և հանդիսանում է ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարևորագույն կետերից մեկը։ Արտակ Ապիտոնյանն ուշադրություն հրավիրեց նաև վերոնշյալ երկխոսության մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։

Հանդիպման ավարտին որոշվեց նման ձևաչափով հանդիպումներին հաղորդել շարունակական բնույթ։

Տպել էջը