Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Սրդջան Դարմանովիչի հետ

06 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 6-ին Միլանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Չեռնոգորիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Սրդջան Դարմանովիչին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ որպես առաջնային ուղղություններ ընդգծելով զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Զոհրաբ Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերահաստատելով ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Սրդջան Դարմանովիչը մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին:

 

Տպել էջը