Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լեհաստանի արտգործնախարարի հետ

06 դեկտեմբերի, 2018

Աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպեց Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: Զուցակիցները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին՝ գործնական քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Լեհաստանի` դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ՝ այդ գործընթացում կարևորելով նաև Լեհաստանի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաև կարևոր գործիք է Հայաստանում ընթացող  բարեփոխումները խրախուսելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ առիթ է գնահատելու այս ձևաչափով արձանագրված ձեռքբերումները և նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով վստահելի և ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացման առաջնահերթությունը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանի կառավարության գերակայություններից է զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները:

 

Տպել էջը