Հայ-ավստրիական քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ում

09 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ավստրիական քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ավստրիականը՝ Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մարշիկը։

Հանդիպմանը կողմերը հանգամանորեն քննարկեցին երկկողմ հարաբերություների հետագա խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ կարևորելով նաև համագործակցության խթանումը բազմակողմ ձևաչափերում։ Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա առաջնայնություններին։

Դեսպան Մարշիկն իր խոսքում նշեց, որ Ավստրիան, որպես ԵՄ նախագահությունը ստանձնած պետություն, կանի հնարավորը ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորացնելու համար։

Նախարարի տեղակալ Նազարյանը կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման և կիրարկման համատեքստում տարվող աշխատանքների ուղղությամբ Ավստրիայի աջակցությունը։

Մարշիկի խնդրանքով կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին։

Տպել էջը