Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ռուանդայի արտգործնախարարին

10 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ օգոստոս ամսին Երևանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել ակտիվացման և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես թիրախային ոլորտ նշելով թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները:

Ընդգծելով, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը հադիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ Երևանում ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի ինչպես կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, անպես էլ կուրվագծի անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել ամրապնդման ու խորացման հեռանկարները:

Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի արդյունքների, 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:      

 

Տպել էջը