Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների հանդիպումը

09 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով գտնվում է Հայաստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին:

Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում հայ-լիտվական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկեցին ոլորտային համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Որպես առաջնահերթություն նախարարներն ընդգծեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտը՝ այդ առնչությամբ կարևորելով երկու երկրների փորձի փոխանակման ուղղությամբ նախագծերի և ծրագրերի ձեռնարկումը:

Զոհրաբ Մնացականյանը և Լինաս Լինկյավիչուսը կարևորեցին նաև երկկողմ բարձրաստիճան պարբերական շփումների անցկացումը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արժևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես շփումների կարևոր հարթակ, և համոզմունք հայտնեցին, որ Երևանում անցկացվող նախարարական 35-րդ համաժողովը և 17-րդ գագաթաժողովն իրենց ուրույն նպաստը կբերեն Կազմակերպության առավել ամրապնդմանը՝ հիմնված Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների վրա:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բամզակողմ և երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:  

Տպել էջը