ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Կամբոջայի ԱԳ նախարարի հետ

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոկհոնի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն արդունավետ կիրառելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու ուղղությամբ: Այս առումով կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը:

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ ղեկավարները քննարկեցին միջազգային հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան լավ հարթակ է Հարավային Ասիայի տարածաշրջանում համագործակցության ուղիների բացահայտման առումով: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը և նախատեսվող հարակից միջոցառումները:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Պրակ Սոկհոնը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:

 

Տպել էջը