Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը:

ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին զբոսաշրջության ոլորտում ձեռքբերումները:

Նախարարները շեշտեցին, որ երկու երկրների միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերություններում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը:

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: 

Տպել էջը