Հայաստանի և Թունիսի արտգործնախարարների հանդիպումը

24 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու-Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում ունեցավ Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:

Հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերին:

Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս օգտագործելու ուղղությամբ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները մանրամասն զրույց ծավալեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, նախատեսվող միջոցառումների, օրակարգի և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն ընդգծելով սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Տպել էջը