ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահին

27 հուլիսի, 2018

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց ՀՀ ԱԺ հրավերով Երևանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահ դոկտոր Հ. Մահյուդինի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում դոկտոր Մահյուդինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գոհունակություն՝ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ խորապես ազդված է Ցեղասպանության թանգարան այցելությունից, և կարևորեց բոլոր երկրների համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համար։

Կողմերը, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև բազմադարյա պատմական առնչություններին, վստահություն հայտնեցին, որ դրանք լավ նախադրյալ են հանդիսացել հայ-ինդոնեզական միջպետական վերընթաց զարգացող հարաբերությունների համար։ Երկուստեք կարևորելով երկու երկրների միջև արդյունավետ միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի համագործակցությունը՝ կողմերը հույս հայտնեցին, որ ակտիվ շփումները կտարածվեն և աստիճանաբար կընդգրկեն նաև բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում նաև երկու երկրների գործարարների միջև առավել արդյունավետ գործակցությունը, առևտրա-տնտեսական ցուցանիշների բարելավումը։

Գործարար շփումների խրախուսման համատեքստում, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի մրցակցային առավելությունները, տարբեր տարածաշրջանային և միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության շնորհիվ ստեղծված հնարավորությունները, ինչը ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու համար լավ հարթակ կարող է հանդիսանալ։

Կողմերն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջազգային կառուցների շրջանակում արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ինդոնեզիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ԱԳ նախարարի տեղակալ Պապիկյանը ներկայացրեց խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ անընդունելի և վտանգավոր համարելով հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու փորձերը։ Ինդոնեզական կողմն, իր հերթին ևս, կարևորեց հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների միջոցով։

Տպել էջը