Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղարին

29 հունիսի, 2018

Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարևորելով այն ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից:

Այս համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ հայկական կողմն ակնկալում է ԵՄ անդամ պետությունների և մասնավորապես գերմանական կողմի աջակցությունն այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում՝ ընդգծելով այս գործընթացի կարևորությունը երկու հասարակությունների միջև կապերն ամրապնդելու գործում:  

Պետքարտուղար Թայխմանը նախարար Մնացականյանին ներկայացրեց գերմանական կողմի մտադրությունը՝ Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու վերաբերյալ, ինչը ողջունվեց ՀՀ ԱԳ նախարարի կողմից։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փախստականների հարցերի և ապօրինի միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրների շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։  

 

Տպել էջը