Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Գերմանիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 21-ին Բեռլինի Գրականության տանը «Worldwide Reading» խորագրով ընթերցումների շարքի շրջանակներում տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի ընթերցումը, որին ներկա էր նաև հեղինակը: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Նյուրնբերգի Բալետի և օպերային թատրոնում տեղի ունեցավ 40 ժամ տևողությամբ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ընթերցումը:

Ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցավ էկումենիկ պատարագ` նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությանը: Պատարագին բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ, պրոֆեսոր Բեթֆորդ Շթրոմը: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագն ավարտվեց Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Եկեղեցիների խորհրդի նախագահ, կարդինալ Ռ.Մարքսի լայնածավալ ելույթով:

Պատարագի ավարտից հետո ելույթով հանդես եկավ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, որն իր խոսքում հայտարարեց, որ հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր, և այս պարագայում գերմանացիները, ընդհանուր առմամբ, դեռ պետք է անդրադառնան վերաիմաստավորման գործին, հատկապես «երբ խոսքը վերաբերում է հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին պատասխանատվությանը»:

Պատարագին ներկա էին Գերմանիայի Բուդնեսթագի փոխնախագահներ, պատգամավորներ, խմբակցությունների նախագահներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, Գերմանիայի կառավարության անդամներ, գրողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, ասորի, հրեա համայնքների ներկայացուցիչներ:

Պատարագի ավարտից հետո մասնակիցները Մայր տաճարից մոմերով երթ կազմակերպեցին դեպի Բրանդենբուրգյան դարպաս, որի վրա լազերային լուսարձակով պատկերվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկը և «1915-2015» գրությունը:

Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացավ հատուկ նիստ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նիստին ներկա էին Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը և կառավարության այլ անդամներ: Բացման խոսքով հանդես եկած Բունդեսթագի Նախագահ Նորբերթ Լամմերտը հստակ նշեց, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվել է ցեղասպանություն: Ելույթ ունեցան Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Ելույթ ունեցած 9 պատգամավորներից 8-ը կոչ արեցին իրենց գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չխուսափել պատմական իրադարձություններն իրենց անունով կոչելուց:

Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Պաուլի Եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային կենտրոնական միջոցառումը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Նազարեթ Աղեկյանը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը և Կոնստանցի համալսարանի պրոֆեսոր Ալաիդա Ասմանը: Գերմանահայ երգիչներ Միքայել և Կարինե Բաբաջանյանները ներկաների համար կատարեցին Կոմիտաս Վարդապետի և Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունները:

Նույն օրը Բեռլինում երկու հայ համայնքների կողմից կազմակերպվեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի ընթերցումը և ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 25-ին գերմանահայ համայնքային կառույցները Բեռլինում կազմակերպեցին աննախադեպ ցույց` Գերմանիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցույցին մասնակցեցին Գերմանիայի տարբեր երկրամասերից ժամանած ավելի քան 6000 հայեր:

Նույն օրը Համբուրգի քաղաքապետարանի կայսերական դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Համբուրգը հիշում է 1915թ. զոհերին» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի Համբուրգի մասնաճյուղի և տեղի հայ համայնքի կողմից: Միջոցառմանը ներկա էին Համբուրգում հավատարմագրված օտարերկրյա հյուպատոսներ, Բունդեսթագի և Լանդթագի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես եկան Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Դիտրիխ Վերզիխը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն (ՔԴՄ/ՔՍՄ), Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի խորհրդարանի անդամ (ՍԴԿ) Բերնհարդ ֆոն Գրյունբերգը, դոկտոր Թեսսա Սավվիդիս-Հոֆմանը, թուրք գրող-հրապարակախոս Դոգան Աքհանլին, Գերմանիայի ասորիների ֆեդերացիայի անդամ Զեքի Այդին:

«Գայանե» երգչախմբի և «Դավիթ» քառյակի կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ապրիլի 20-ից 26-ը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Գերմանիայի Շտուտգարտ, Մյունխեն, Քեհլ, Օլդենբուրգ, Էրֆուրտ, Յենա, Էրլանգեն և Քյոլն քաղաքներում: 

Տպել էջը