ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի ելույթը Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի հետ երկխոսությանը
16 սեպտեմբերի, 2026Հարգարժա՛ն պարոն նախագահող,
Կոմիտեի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Կոմիտեին՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից իրականացման վերաբերյալ թարմացված տեղեկատվություն ներկայացնելու հնարավորության համար։
Այս տարի լրանում է Կոնվենցիայի ընդունման 20-ամյակը, և Կոմիտեի հետ մեր այսօրվա երկխոսությունը տեղի է ունենում այս կարևոր հանգրվանում՝ պատեհ հնարավորություն ընձեռելով ոչ միայն վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը Կոնվենցիայի նպատակներին, այլև՝ լրացուցիչ պարզաբանումներ տրամադրելու արձանագրված առաջընթացի վերաբերյալ և անդրադառնալու Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ դեռևս առկա մարտահրավերներին։
Որպես Կոնվենցիայի մասնակից պետություն՝ Հայաստանի համար Կոնվենցիայից բխող պարտավորություններն ուժի մեջ են մտել 2011թ. հունվարից։
Մեր կողմից ներկայացվող տեղեկատվությունը հիմնականում կկենտրոնանա Կոմիտեի եզրափակիչ դիտարկումների իրականացման ուղղությամբ վերջին տարիներին արձանագրված զարգացումների վրա։ Կներկայացվի Հայաստանի կողմից ձեռնարկված օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական միջոցառումների ընդհանուր պատկերը՝ հաշվի առնվելով Կոմիտեի կողմից տրված առաջնահերթ թեմաներն ու 2022թ. ապրիլին Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբվ պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը։
Նախևառաջ, ցանկանում եմ վերահաստատել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու և դրանց արդյունավետ իրականացումն ազգային մակարդակով ապահովելու Հայաստանի հաստատուն հանձնառությունը։ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանը, ինչպես նաև տուժածների և նրանց ընտանիքների՝ արդարության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին հասանելիությանը։
Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու դրանց արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորության կատարման հարց չէ։ Այն նաև յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը պաշտպանելու և ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի ու գտնվելու վայրի վերաբերյալ անորոշության մեջ չթողնելու խնդիր է։
Տուժածների և նրանց ընտանիքների կրած ցավը, անորոշությունն ու երկարատև տառապանքը չպետք է անտեսվեն։ Ճշմարտության, արդարության, հատուցման և արժանապատվության նրանց իրավունքները պետք է մնան մեր ջանքերի առանցքում։ Այս առումով, Հայաստանը գիտակցում է անհայտ կորած անձանց ընտանիքների առանձնահատուկ խոցելիությունը և նրանց՝ ժամանակին ու հավաստի տեղեկատվության, համարժեք աջակցության և համապատասխան ընթացակարգերին արդյունավետ հասանելիության ապահովման անհրաժեշտությունը։
Թույլ տվեք նաև համառոտ անդրադառնալ այն առանձնապես բարդ հանգամանքներին, որոնց պայմաններում Հայաստանը վերջին տարիներին ստիպված է եղել իրականացնել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։
Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը բախվել է մեր տարածաշրջանում տեղի ունեցած նախկին հակամարտությունից բխող լուրջ և աննախադեպ մարտահրավերների։
Այս իրադարձությունների հետևանքներից է անհայտ կորած համարվող զգալի թվով անձանց առկայությունը, այդ թվում՝ այն անձանց, որոնց բռնի անհետացման վերաբերյալ առկա են հավաստի ապացույցներ։ Այս դեպքերի մեծ մասի վերաբերյալ Հայաստանն ունի համապատասխան տեղեկատվություն, որը կարող է ներկայացնել Կոմիտեին։ Գերեվարումից հետո հայ զինծառայողների բռնի անհետացման դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացրել ՄԱԿ-ի մի շարք մանդատակիրների, այդ թվում՝ ՄԱԿ Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի մոտ, ինչին անդրադարձ է եղել 2024թ. հուլիսի 29-ի հաղորդագրության մեջ։
Ժամանակագրական առումով՝ բռնի անհետացման դեպքերը տեղի են ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։ Հետագա դեպքեր արձանագրվել են 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի քան 130.000 Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման ընթացքում։
Այս հանգամանքներն առաջացրել են էական մարդասիրական, իրավական և ինստիտուցիոնալ մարտահրավերներ։ Դրանք նաև ի ցույց են դրել արդյունավետ և համապարփակ ազգային շրջանակ ունենալու կարևորությունը, որն ունակ կլինի հասցեագրելու բռնի անհետացման դեպքերը, ապահովելու տուժած ընտանիքների պաշտպանությունը, նպաստելու անհայտ կորած անձանց որոնմանը և պահպանելու համապատասխան տեղեկատվությունն ու ապացույցները։
Հայաստանի կառավարության համար այս զարգացումներն ընդգծել են ազգային մեխանիզմները շարունակաբար վերանայելու և ամրապնդելու, ինչպես նաև օրենսդրական ու գործնական մակարդակում հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Այս առումով ամենակարևոր զարգացումներից մեկը «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» նոր օրենքի ընդունումն է, որն ուժի մեջ է մտել 2026թ. մայիսին։
Այս օրենքի ընդունումը կարևոր քայլ է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների համար համապարփակ իրավական շրջանակի ստեղծման ուղղությամբ:
Օրենքը հասցեագրում է անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքներին ու շահերին անմիջականորեն վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, այն սահմանում է ընտանիքի անդամների իրավունքը՝ ստանալու հավաստի և ժամանակին տեղեկատվություն՝ իրենց հարազատների որոնման և նրանց անհետացման հանգամանքների վերաբերյալ։
Օրենքը նաև սահմանում է պետության պարտավորությունը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ անհայտ կորած անձանց որոնման և նրանց ճակատագրի ու գտնվելու վայրի պարզաբանման ուղղությամբ։ Հատկանշական է, որ այն նախատեսում է ընտանիքի անդամների մասնակցության ապահովումը համապատասխան ընթացակարգերին՝ ճանաչելով որոնման գործընթացի մասին տեղեկացված լինելու և դրանում ներգրավվածություն ունենալու իրենց օրինական շահը։
Օրենսդրությունը նաև նախատեսում է ֆինանսական փոխհատուցում և որոշակի սոցիալական նպաստներ անհայտ կորած անձանց ընտանիքների համար՝ այդպիսով ընդունելով, որ ընտանիքի անդամի անհետացումը, հուզական տառապանքից զատ, կարող է հանգեցնել խորը տնտեսական և սոցիալական հետևանքների։
Անհայտ կորած անձանց նույնականացման համար համապատասխան մեխանիզմների ստեղծումն այս շրջանակի մեկ այլ կարևորագույն բաղադրիչ է։ Այն ներառում է միջոցառումներ, որոնք ուղղված են դյուրացնելու մարդկանց մասունքների նույնականացումը և, երբ հնարավոր է, պարզելու անհայտ կորած անձանց ճակատագիրն ու գտնվելու վայրը։
Միևնույն ժամանակ, Հայաստանը գիտակցում է, որ միայն օրենսդրությունը չի կարող ապահովել ամբողջական արձագանք։ Արդյունավետ իրականացումը պահանջում է համապատասխան ինստիտուցիոնալ կարողություն, միջգերատեսչական համագործակցություն, բավարար ռեսուրսներ, որակյալ անձնակազմ, համապատասխան տեղեկատվությանն ու ապացույցներին հասանելիություն, ինչպես նաև տուժած ընտանիքների հետ շարունակական ներգրավվածություն։
Մեկ այլ կարևոր ոլորտ է բռնի անհետացման նկատմամբ կիրառելի քրեաիրավական շրջանակը։
Հայաստանի նոր Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, հիմնարար իրավունքների լուրջ խախտումների համար քրեական պատասխանատվությունը կարգավորող ավելի լայն իրավական շրջանակի հետ մեկտեղ, նպատակ ունեն ապահովելու, որ Կոնվենցիայի իրականացման շրջանակում ընդգրկվող արարքները պատշաճ կերպով հասցեագրվեն քրեական իրավունքի միջոցով:
Ընդգծեմ նաև այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է անհայտ կորած և անհետացած անձանց ընտանիքների իրավունքներին ու կարիքներին։
Նման դեպքերում ընտանիքները կարող են տարիներ շարունակ մնալ առանց իրենց հարազատների ճակատագրի կամ գտնվելու վայրի վերաբերյալ հավաստի տեղեկատվության։ Այս անորոշությունը կարող է ունենալ ծանր հոգեբանական, սոցիալական և տնտեսական հետևանքներ։
Այդ պատճառով բռնի անհետացումներին և հակամարտության հիմքով անհետացումներին արձագանքը չի կարող սահմանափակվել քրեական հետաքննություններով: Ընտանիքներին անհրաժեշտ է նաև իրավաբանական աջակցություն, տեղեկատվության հասանելիություն, հոգեբանական և սոցիալական աջակցություն և, կիրառելիության դեպքում, ֆինանսական օգնություն ու փոխհատուցման այլ միջոցներ:
Նոր օրենսդրական շրջանակը նպատակ ունի հասցեագրելու այս կարիքները՝ ամրապնդելով ընտանիքի անդամների իրավունքները և պետական մարմինների համար սահմանելով ավելի հստակ պարտականություններ:
Հայաստանը նաև կարևորում է, որ գործընթացի ողջ ընթացքում արժանապատիվ և հարգալից վերաբերմունք ցուցաբերվի ընտանիքների նկատմամբ: Ընտանիքների հետ հաղորդակցությունը պետք է լինի ժամանակին, թափանցիկ և նրբանկատ: Պետությունը պատասխանատվություն է կրում ապահովելու, որ ընթացակարգերն անհարկի չխորացնեն տուժածների՝ արդեն իսկ կրած տառապանքները:
Անհայտ կորած անձանց որոնումները և նրանց ճակատագրի ու գտնվելու վայրի պարզաբանումը շարունակում են մնալ ամենակարևոր գործնական մարտահրավերներից մեկը։
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ՝ այս հարցը դիտարկելով որպես բացառապես մարդասիրական բնույթի խնդիր: Տարածաշրջանում հաստատված խաղաղությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում այս հարցում հետագա համագործակցության համար։
Որպես զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ակտիվ ջատագով՝ Հայաստանը միացել է Միջազգային մարդասիրական իրավունքի հարցում քաղաքական հանձնառությունը խթանելու Գլոբալ նախաձեռնությանը:
Հետևաբար, Հայաստանը միջազգային համագործակցությունը դիտում է որպես ազգային ջանքերը լրացնող կարևոր գործոն՝՝ ինչպես իր իրավական պարտավորությունների կատարման, այնպես էլ՝ բռնի անհետացման հետևանքով տուժած անձանց գործնական աջակցության ցուցաբերման համար։
Հայաստանը շարունակում է իր ներգրավվածությունը միջազգային մարդասիրական կազմակերպությունների և համապատասխան շահագրգիռ մարմինների հետ՝ տուժած ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև նպաստելու բռնի անհետացման ծանր մարդասիրական հետևանքների կանխմանն ու դրանց հասցեագրմանը։
Նման համագործակցության արժեքավոր օրինակ է հոգեսոցիալական վերականգնման ծրագիրը, որը, Սլովենիայի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ, իրականացվում է «ITF Enhancing Human Security» կազմակերպության կողմից՝ հայաստանյան գործընկերների հետ համագործակցությամբ։
Ծրագիրը մասնագիտացված հոգեսոցիալական աջակցություն է տրամադրում անհայտ կորած կամ բռնի անհետացման ենթարկված անձանց հարազատներին՝ հասցեագրելով կորստի, անորոշության և չհաղթահարված հոգեբանական տրավմայի խորքային ու երկարաժամկետ հետևանքները։ Միևնույն ժամանակ, այն նպաստում է ազգային կայուն կարողությունների ամրապնդմանը՝ հոգեսոցիալական աջակցության տրամադրման համատեքստում հայ մասնագետների ներգրավման և վերապատրաստման միջոցով։
Մինչ օրս Սլովենիայում իրականացվող ծրագրին մասնակցել են անհայտ կորած անձանց հարազատների երկու խումբ։ Առաջին խումբը կազմված էր մայրերից, որին հաջորդել է հայրերից կազմված երկրորդ խումբը։ Հայրերի համար նախատեսված ծրագրին Հայաստանից մասնակցել են 12 անձ, և այն ներառել է մասնագիտական հոգեսոցիալական վերականգնման միջոցառումներ, այդ թվում՝ թերապևտիկ և փորձառական ծրագրեր։ Ինչպես մայրերի, այնպես էլ հայրերի մասնակցությունն ընդգծում է բռնի անհետացման մարդասիրական հետևանքներին անդրադառնալու համապարփակ և ներառական մոտեցման կարևորությունը։ Այս առնչությամբ՝ օգտվելով այս հնարավորությունից, մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սլովենիայի Հանրապետության կառավարությանը՝ իր արժեքավոր աջակցության և բռնի անհետացման հետևանքով տուժած ընտանիքներին աջակցելու ուղղությամբ ցուցաբերած շարունակական հանձնառության համար։
Հայաստանի Հանրապետությունը սերտորեն համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ՝ անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության, անհայտ կորած համարվող անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, դատաբժշկական հարցերի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու իրականացմանն առնչվող հարցերի շուրջ։
Հայաստանի՝ միջազգային համագործակցության և կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերի կարևոր բաղադրիչ էր 2026թ. մայիսին ԿԽՄԿ-ի աջակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը Կիպրոս։ Այն Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Կիպրոսի կոմիտեի (CMP) փորձին, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակելու անհայտ կորած անձանց հարցը հասցեագրելու նպատակով ինստիտուցիոնալ, իրավական, մարդասիրական և գործնական հարցերի վերաբերյալ։ Փորձի փոխանակումն արժեքավոր պատկերացումներ է տվել այս ոլորտում ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ հնարավոր մոտեցումների վերաբերյալ։
Հայաստանը նաև կառուցողական համագործակցություն է պահպանում Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) հետ, որը արժեքավոր աջակցություն է ցուցաբերել անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման ուղղությամբ ազգային կարողությունների և ինստիտուցիոնալ մեխանիզմների գնահատման ու ամրապնդման գործում։ 2023թ. «ICMP» իրականացրել է Հայաստանի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի, ինչպես նաև գիտական և տեխնիկական կարողությունների համապարփակ գնահատում։ Հանձնաժողովի ներգրավվածությունը նաև նպաստել է Հայաստանում ԴՆԹ-ի և դատաբժշկական կարողությունների ամրապնդմանը՝ աջակցելով անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանմանն ու, ի վերջո, նրանց ընտանիքներին պատասխաններ տրամադրելուն ուղղված ազգային ջանքերին։
Այս գործընկերությունները վկայում են այն կարևորության մասին, որը Հայաստանը տալիս է միջազգային համագործակցությանը, փորձագիտական փոխանակմանը և ազգային կարողությունների ամրապնդմանը՝ ուղղված անհայտ կորած անձանց խնդրի հասցեագրմանը ու տուժած ընտանիքների կարիքներին արձագանքմանը։
Հարգարժա՛ն պարոն նախագահող,
Կոմիտեի հարգելի՛ անդամներ,
Մեր պատվիրակությունն այսօր արտացոլում է Կոնվենցիայով նախատեսված հարցերի ընդգրկուն և փոխլրացնող բնույթը՝ պատվիրակության կազմում ընդգրկելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի, Արդարադատության, Ներքին գործերի, Առողջապահության նախարարությունների, Քննչական կոմիտեի, Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անունից Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ներկայացուցիչներ:
Պատվիրակության լայն կազմը մեզ հնարավորություն կտա մանրամասն տեղեկություն տրամադրել և պատասխանել Կոմիտեի՝ Կոնվենցիայով նախատեսված տարբեր ոլորտներին վերաբերող հարցերին։
Հայաստանն ակնկալում է Կոմիտեի հետ ունենալ կառուցողական և բովանդակային երկխոսություն: Մենք պատրաստ ենք բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև պարզաբանումներ և բաց երկխոսություն վարել արձանագրված առաջընթացի, առկա մարտահրավերների ու Կոնվենցիայի իրականացումն առավել ամրապնդելու համար անհրաժեշտ քայլերի շուրջ։
Այժմ կանցնենք Հայաստանի արձագանքներին՝ անդրադառնալով Կոմիտեի կողմից առանձնացված առաջնահերթ թեմաների շրջանակում բարձրացված հարցերին։
Շնորհակալություն։