ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի ողջույնի խոսքը «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող աշխատաժողովին
14 սեպտեմբերի, 2026Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեծագույն հաճույքով ողջունում եմ ձեզ Երևանում՝ «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող կարողությունների զարգացման աշխատաժողովին։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովին (ESCAP)՝ այս կարևոր միջոցառումը համատեղ կազմակերպելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին տրանսպորտային կապակցվածության շուրջ տարածաշրջանային երկխոսության խթանման միջոցով շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար «Ավազայի գործողությունների ծրագիրը» նորացված միջազգային ջանքերի ուղենիշն է՝ ուղղված այս երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերների հասցեագրմանը։ ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների ակտիվ ներգրավվածությունն առանցքային նշանակություն կունենա ծրագրի իրականացումն ապահովելու գործում՝ միջտարածաշրջանային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման միջոցով
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Արդյունավետ կապակցվածությունը Հայաստանի աշխարհագրական և տնտեսական իրականության առանցքային բաղադրիչներից է։ Գտնվելով տարբեր տարածաշրջանների խաչմերուկում՝ Հայաստանը պատմականորեն կամրջող դեր է ունեցել հարևան երկրների և հին Մետաքսի ճանապարհի երկայնքով տարածվող ավելի լայն տարածաշրջանի միջև։ Այսօր մենք կապակցվածությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման, տնտեսական դիմակայունության, մրցունակության, տարածաշրջանային համագործակցության և միջմշակութային փոխանակումների կարևոր բաղադրիչ։
Հենց այս պատճառով էլ մեր աշխատաժողովի թեման համարում ենք հատկապես արդիական։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրանսպորտային երթուղիները պետք է կարողանան դիմակայել խափանումներին և ապահովել կանխատեսելի ծառայություններ բիզնեսի և համայնքների համար։ Միևնույն ժամանակ, նոր տրանսպորտային երթուղիների զարգացումը հնարավորություններ է ստեղծում կայուն մատակարարման շղթաների ապահովման, առևտրի դիվերսիֆիկացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ամրապնդման և նախկինում առավել դժվար հասանելի շուկաների կապակցման համար։
Հայաստանի համար այս նպատակները սերտորեն փոխկապակցված են տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և մեր տրանսպորտային ցանցի ներուժի իրացման ավելի լայն տեսլականի հետ։ Մենք կենտրոնացած ենք տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, սահմանային անցակետերի արդիականացման, լոգիստիկ կարողությունների զարգացման և արդյունավետ կառավարման ամրապնդման վրա, ինչը կարող է առավել արդյունավետ և հուսալի դարձնել ապրանքների և մարդկանց տեղաշարժը։
Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ որևէ տրանսպորտային երթուղի չի կարող լիարժեք արդյունավետ լինել, եթե ազգային սահմաններին կապակցվածությունը բախվում է խոչընդոտների։ Այդ իսկ պատճառով մենք դիտարկում ենք ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքները, այլև առանձնահատուկ կարևորություն ենք տալիս սահմանային անցման դյուրացմանը, փաստաթղթերի ներդաշնակեցմանը, ընթացակարգերի պարզեցմանը, տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը, թվային տեխնոլոգիաների առավել լայն կիրառմանը և այսպես կոչված «գործառնական կապակցվածության» հայեցակարգի մյուս բաղադրիչներին, որոնք կարող են նվազեցնել վարչական բեռը, բարձրացնել թափանցիկությունը և բարելավել անդրսահմանային փոխադրումների կանխատեսելիությունը։
Մեզ համար դրանք սոսկ տեխնոլոգիական բարելավումներ չեն։ Դրանք կարող են անմիջականորեն նպաստել առևտրի ծախսերի նվազեցմանը և միջազգային շուկաների հասանելիության բարելավմանը։ Ուստի բարձր ենք գնահատում այս աշխատաժողովի ընձեռած հնարավորությունը՝ կայուն տրանսպորտային կապակցվածությունը համապարփակ կերպով դիտարկելու համար։
Հարգելի՛ հյուրեր,
Այսօրվա աշխատաժողովին կապակցվածության ավելի լայն աշխարհագրությունը ներկայացնող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը հատկապես արժեքավոր է, քանի որ տրանսպորտային կապակցվածության հաջողությունը կախված է երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համագործակցությունից։
Այս առումով ցանկանում եմ ընդգծել այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է տարածաշրջանային համագործակցությանը և երկխոսությանը։
Մենք համոզված ենք, որ կապակցվածությունը պետք է ծառայի որպես տնտեսությունները մերձեցնող գործիք։ Այն պետք է հնարավորություններ ստեղծի առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մարդկանց միջև շփումների համար՝ միաժամանակ նպաստելով տնտեսական դիվերսիֆիկացմանն ու դիմակայունությանը։
Մենք մեր ազգային կապակցվածության առաջնահերթությունները դիտարկում ենք ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, անդրսահմանային տեղաշարժի դյուրացման և լոգիստիկ կարողությունների ամրապնդման ուղղությամբ մեր ջանքերը կարող են առավել մեծ արժեք ստեղծել, երբ ինտեգրված են ավելի լայն տարածաշրջանային ցանցերում։
Մեր ջանքերի առանցքում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն է՝ իր անբաժանելի մաս կազմող ԹՐԻՓՓ նախագծով, որի նպատակն է նպաստել ներտարածաշրջանային և համաշխարհային առևտրին՝ Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային կապակցվածության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների էական վերափոխման միջոցով՝ դրանք ինտեգրելով տարբեր միջազգային երթուղիներին և այդպիսով առաջարկելով բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու հուսալի այլընտրանքներ։
ԹՐԻՓՓ-ը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ կապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այն փոխադարձ օգուտներ կապահովի Հայաստանի Հանրապետության համար՝ Ադրբեջանի տարածքով միջազգային և ներպետական կապակցվածության առումով:
Այլ կերպ ասած՝ ԹՐԻՓՓ-ը համապարփակ շրջանակ է, որը ոչ միայն նախանշում է տարածաշրջանում առևտրի և տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման եղանակները, այլև հիմք է ստեղծում Հարավային Կովկասի՝ համաշխարհային մատակարարման շղթաներին առավել սերտ ինտեգրման համար։ Այս տարվա հունիսին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ նախագիծը թևակոխել է գործնական իրականացման փուլ։
Հարգելի՛ գործընկերներ,
Տրանսպորտային երթուղու հաջողությունը չափվում է ոչ միայն ճանապարհների երկարությամբ կամ ենթակառուցվածքներում կատարված ներդրումների ծավալով, այլև նրանով, թե որքան արագ և կանխատեսելի կարող են տեղաշարժվել ապրանքները, որքանով կարող են բիզնեսները մուտք գործել նոր շուկաներ, և որքանով կարող են երկրները դառնալ առավել դիմակայուն և ավելի լավ ինտեգրված։
Վստահ եմ, որ այս դահլիճում ներկայացված փորձագիտական գիտելիքներն ու փորձը մեզ հնարավորություն կտան ունենալ բովանդակալից և ապագային միտված քննարկում։ Հուսով եմ նաև, որ այս աշխատաժողովը կնպաստի մեր մասնագիտական կապերի ամրապնդմանը և գործնական գաղափարների ձևավորմանը, որոնք կարող են վերածվել կոնկրետ համագործակցության՝ ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակներում։
Եվս մեկ անգամ ուրախ եմ ջերմորեն ողջունել բոլոր հարգարժան մասնակիցներին՝ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և գործընկերներին, ովքեր միացել են մեզ այս կարևոր քննարկման համար։
Մաղթում եմ ձեզ արդյունավետ քննարկումներ, մտքերի բաց փոխանակում և, ամենակարևորը, շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում առավել ամուր, կայուն և դիմակայուն տրանսպորտային կապակցվածության ձևավորմանը։
Հուսով եմ նաև, որ Երևանում գտնվելու ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու մեր քաղաքի հյուրընկալությունը և բացահայտելու մեր երկրի հարուստ պատմության ու մշակույթի մի փոքր մասը։
Շնորհակալություն։